շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Ձեզ համար անվստահություն ներշնչող դատավորներին ասում եք՝ գնացեք անհոգ կյանքով ապրեք. Գևորգ Պետրոսյան

Ձեզ համար անվստահություն ներշնչող դատավորներին ասում եք՝ գնացեք անհոգ կյանքով ապրեք. Գևորգ Պետրոսյան

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում Սահմանադրական դատարանի նախագահների մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ նշեց, որ սա ՍԴ-ի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելու հերթական նախաձեռնությունն է, այն անձանցից ձերբազատվելու խնդիր չկա, փորձ է արվում ներդնել պատվավոր հեռանալու ինստիտուտը:

Նշենք՝ նախագծով նախատեսվում է, որ եթե մինչև 2020 թվականի հունվարի 31-ը Սահմանադրական դատարանի դատավորները հրաժարական տան, ապա մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ:

Ռուստամ Բադասյանն անդրադառնալով ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հարցին, թե օրենքի նախագիծը վատթարացնո՞ւմ է դատավորների կարգավիճակը, թե բարելավում, ասաց, որ նախագիծը բարելավում է, քանի որ այն հնարավորություն է տալիս դատավորներին ավելի վաղ անցնելու կենսաթոշակի, քան սահմանված տարիքն է:

«Ինչո՞ւ եք բարելավում դատավորների կարգավիճակը, եթե համարում եք, որ նորմալ չեն աշխատում: Եթե նորմալ է աշխատում, թողեք թող աշխատեն, եթե վատ է աշխատում, պատժեք, ոչ թե խրախուսեք: Այսինքն, ձեզ համար անվստահություն ներշնչող դատավորներին ասում եք՝ գնացեք անհոգ կյանքով ապրեք: Հարգելի պարոն նախարար, ես Ձեզ հարգում եմ որպես իմ նախկին ուսանող և որպես գործող նախարար: Եթե մարդն անվստահություն է ներշնչում, նրան դրախտի պուտյովկա՞ են տալիս: Իմա՞ստը: Եթե անվստահություն է ներշնչում, պատժեք»,- ասաց պատգամավորը։

  • Կիսվել: