շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Բոլոր տեղերում էլ կան «գործ տվողներ». Չիչոյանը՝ դատական համակարգում «հուդաների» մասին

«Բոլոր տեղերում էլ կան «գործ տվողներ». Չիչոյանը՝ դատական համակարգում «հուդաների» մասին

Այսօր Դատավորների ընդհանուր ժողովից առաջ լրագրողների հետ զրույցում դատավոր Սերգեյ Չիչոյանն ասաց, որ բոլորի համար էլ մտահոգիչ են դատավորների հրաժարականների դիմումները: 

Հարցին, թե ինչո՞վ է մտահոգիչ, նա ասաց. «Դե, առանց պատճառի, չիմանալով պատճառները։ Իրենցից, կարծեմ, մեկն է նշել, որ գիտությամբ է զբաղվելու, մնացածից տեղեկություն չունեմ»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ Չիչոյանն ունի՞ կոլեգաների  հետ գրագրություն, որը եթե հրապարակվի, անհարմար վիճակում կհայտվի, նա ասաց. «Իհարկե, ոչ»։

Հարցին՝ պարզե՞լ են, թե ով է դատական համակարգի «հուդան», ով տարել, գրագրությունը հասցրել է համապատասխան մարդկանց, ադյունքում դատավորները հրաժարական են տվել, դատավորը պատասխանեց. «Չեմ  պարզել,  բայց շատ հետաքրքիր է»։ Նա ընդգծեց, որ բոլոր տեղերում էլ կլինեն «գործ տվողներ»:

Չիչոյանը հայտարարեց, որ ինքն իր վրա չի զգում ճնշումներ:

Իր վրա ճնշում չի զգում նաև ԲԴԽ անդամ Էդգար Հովհաննիսյանը:

Անդրադառնալով նրան, որ այսուհետ դատավորները պետք է մշտադիտարկման ենթարկվեն, լրագրողների հետ զրույցում Հովհաննիսյանն ասաց. «Այստեղ ԲԴԽ-ին զեկուցելու մասին չէ խոսքը, պարզապես ներկայացնում է աշխատակազմի ղեկավարը դատավորների վարույթներում գնտվող գործերի ժամկետների, դրանց քննության մասին: ԲԴԽ-ն դրա հետ ընդհանրապես կապ չունի»:

Հարցին՝ ի՞նչ կփոխվեր ԲԴԽ-ի աշխատանքում, եթե այդ կառույցի անդամ դառնար Վազգեն Ռշտունին, Էդգար Հովհաննիսյանը պատասխանեց. «Չեմ ուզում ենթադրություններով կամ կանխատեսումներով զբաղվել, չեմ կարող ասել: Ես որեւէ խնդիր չունեմ պարոն Ռշտունու հետ եւ եթե օրենքով սահմանված կարգով ընտրվեր, գար, սիրով կաշխատեի»:

Դիտարկմանը, որ ԲԴԽ-ում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, եւ Ռշտուհու ԲԴԽ-ում հայտնվելը կարող էր խաթարել այդ պրակտիկան, նա ասաց. «Եթե դուք ԲԴԽ-ի գործունեությունն ուսումնասիրեք, կտեսնեք, որ այդքան էլ այդպես չէ: Եղել են մի քանի որոշումներ, որոնց ես դեմ եմ քվեարկել»:

Ինչ վերաբերում է նրան, որ չաթի պատճառով 4 դատավոր հրաժարական է տվել, իսկ Վազգեն Ռշտունին էլ երեկ հայտարարել է, որ նժարին այլ հարց է դրված, դրա համար է հրաժարվում ԲԴԽ անդամի թեկնածությունից, արդյոքք դա մտահոգիչ չէ, Էդգար Հովհաննիսյանն ասաց. «Մտահոգիչ է, եթե նման բաներ կան, ինձ թվում է, պետք է ավելի կոնկրետ բարձրաձայնվի եւ քննարկման առարկա դառնա: Եէթե չի բացահայտվում ենթատեքստը, ես ինչպե՞ս կարող եմ ուղիղ պատասխան տալ: Պետք է այդ միտքը հմապատասխան անձից գա, որ ըստ դրա ԲԴԽ-ն կարողանա որեւէ գործողություն իրականացնել: Եթե ԲԴԽ-ին չի ասվում, որ կոնկրետ այսինչ պատճառով ես չեմ ցանկանում ԲԴԽ անդամի իմ թեկնածությունը շարունակել ու դառնալ ԲԴԽ անդամ, մենք այլ բան չունենք անելու:

Մենք որեւէ հարց քննարկում ենք համապատասխան դիմումի, հաղորդման կամ լրատվամիջոցների տեղեկատվության հիման վրա»:

Նա նկատեց, որ որպեսզի դատավորը ԲԴԽ անդամի թեկնածու դառնա, նա պետք է բարեվարքություն անցնի, Վազգեն Ռշտունին դա անցել էր, իսկ հիմա դեռեւս այդպիսի այլ թեկնածու չկա:

Հիշեցնենք, որ մի քանի օրերի ընթացքում ազատման դիմում է գրել չորս դատավոր՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Մարդանյանը, Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր Սերգեյ Մարաբյանը, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը եւ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Մնացականյանը։

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ մոտ չորս տարի առաջ դատավորները ընդհանուր «չաթ» են ունեցել, քննարկել տարբեր թեմաներ, այդ թվում՝ քաղաքական հարցեր, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, Նիկոլ Փաշինյանի և նրա մտերիմների հասցեին դատավորները հնչեցրել են հայհոյանքներ։

Նշենք նաև, որ այսօր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ որոշել է այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին։

  • Կիսվել: