շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Արսեն Բաբայանի ձերբակալումը շատ հարցեր է առաջացնում. Արա Զոհրաբյան

Արսեն Բաբայանի ձերբակալումը շատ հարցեր է առաջացնում. Արա Զոհրաբյան

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալմանը:

Ձերբակալումը կատարվում է`
1) հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա.
2) քրեական հետապնդման մարմնի որոշման հիման վրա:

Առաջին կետով ձերբակալման համար օրենսդիրը 4 հիմք է նախատեսել, որոնք բոլորն էլ կապված են անմիջականորեն ծագած կասկածանքի հետ: Ենթադրյալ հանցագործությունը կատարվել է ավելի քան մեկ տարի առաջ: Հետևաբար անմիջականորեն ծագած կասկածանքի հիմքով ձերբակալելն առերևույթ հնարավոր չէր:

Երկրորդ կետով ձերբակալման համար հիմք կարող է լինել միայն կասկածվող անձի այլ տեղանքում գտնվելու կամ նրա գտնվելու վայրը հայտնի չլինելու հանգամանքը:

ՀՔԾ հաղորդագրության մեջ այդ մասով նշվել է միայն, որ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Ա. Բ.-ն:

Հաշվի առնելով Արսեն Բաբայանի անձը, նրա քաղաքական ակտիվությունը և հիշյալ գործի նկատմամբ հանրային հետաքրքրությունը, այս ձերբակալումը շատ հարցեր է առաջացնում:

Հուսով եմ վարույթն իրականացնող մարմինը ձերբակալման հիմքերի մասով տեղեկություն կտրամադրի:

Հ.Գ. Քրեական հետապնդումը կարելի է իրականացնել առանց անձին ազատությունից զրկելու:

Ձերբակալման հիմքերի բացակայության դեպքում դատարանի միջոցով կարող է վերացվել իրավունքի խախտումը:

Հիշեցնենք Արսեն Բաբայանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով:

  • Կիսվել: