շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Արսեն Բաբայանի ձերբակալման գործով նիստը կանցկացվի դռնփակ, ժամը 18:30-ին

Արսեն Բաբայանի ձերբակալման գործով նիստը կանցկացվի դռնփակ, ժամը 18:30-ին

 Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալման որոշումը բողոքարկելու գործով դատական նիստը տեղի կունենա այսօր, ժամը 18:30-ին, PrimeNews.am-ին տեղեկացրեց Բաբայանի փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում նիստը կանցկացվի դռնփակ, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ: Բաբայանի պաշտպանությունը անհեթեթություն է որակում առաջադրված մեղադրանքը և պատրաստվում է հանդես գալ հայտարարությամբ:

Հիշեցնենք՝ Բաբայանը կասկածվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «Պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև` կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը»:

Միևնույն ժամանակ տեղեկացնենք, որ այս հոդվածով մեղադրանքի դեպքում կիրառվում է համաներում: Քրեական գործը, որի շրջանակներում Արսեն Բաբայանը ձերբակալվել է, հարուցվել է իշխանությունը յուրացնելու առթիվ ՀՔԾ-ում քննվող մեկ այլ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված նյութերի հիման վրա: Նկատենք՝ այս քրեական գործը հարուցվել էր Աժ պատգամավոր Արման Բաբաջանյանի ներկայացրած հաղորդման հիման վրա:

  • Կիսվել: