կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ապօրինի թմրաշրջանառության հերթական բացահայտումը. ՔՈԳՎ ծառայողները համագործակցեցին Կոտայքի մարզի պարեկների հետ

Ապօրինի թմրաշրջանառության հերթական բացահայտումը. ՔՈԳՎ ծառայողները համագործակցեցին Կոտայքի մարզի պարեկների հետ

Թմրամիջոցների վաճառքի վերաբերյալ հերթական տեղեկությունն իրացնելիս Քրեական ոստիկանության ծառայողները համագործակցեցին Կոտայքի մարզի պարեկների հետ:

Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արարատի մարզի Հայանիստ գյուղի բնակիչ 57-ամյա մի տղամարդ ձեռք է բերում առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ և իրացնում:

Փետրվարի 23-ին, ժամը 18.10-ին, Կոտայքի մարզի պարեկների հետ համագործակցելով, վարչության ծառայողները Եղվարդ-Նոր Հաճն ճանապարհին ձերբակալեցին և ոստիկանության բաժին տեղափոխեցին 57-ամյա տղամարդուն ու հիսնամյա վարորդին` նրա վարած «Օպել Աստրա» մակնիշի մեքենայով հանդերձ:

Բաժնում կատարված խուզարկությամբ 57-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվեց ծալովի դանակ: Նա իրավապահներին հայտնեց, որ մեքենայում պահել է մեթամֆետամին, մարիխուանա և ափիոն տեսակի թմրամիջոցներ:

Տղամարդիկ ներկայացվեցին Նաիրիի քննչական բաժին: Նախաձեռնվեց քրեական վարույթ:

Դատարանի որոշմամբ կատարված մեքենայի խուզարկությամբ հիշյալ թմրամիջոցների նմանվող նյութերը հայտնաբերվեցին:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

 

  • Կիսվել: