կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վրդովեցուցիչ ենք համարում նման տեղեկատվության նպատակային տարածումը․ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը՝  «Կրոկուս Սիթի Հոլ»-ի  ահաբեկչությանը հայերի մասնակցության լուրերի մասին

Վրդովեցուցիչ ենք համարում նման տեղեկատվության նպատակային տարածումը․ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը՝ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկչությանը հայերի մասնակցության լուրերի մասին

Ռուաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը խորը մտահոգություն է հայտնում «Դոժդ» հեռուստաալիքի եթերում վերջերս հնչած հայտարարությունների կապակցությամբ, թե իբր հայերը ներգրավված են եղել «Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած սարսափելի ահաբեկչական գործողության մեջ: Այս մասին ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

«Վրդովեցուցիչ ենք համարում նման տեղեկատվության նպատակային տարածումը, որը չի համապատասխանում իրականությանը և ուղղված է Ռուսաստանում հակահայկական տրամադրությունների բորբոքմանը:

Ողբերգությունից անմիջապես հետո Հայաստանը հանդես եկավ խաղաղ քաղաքացիների դեմ իրականացված անմարդկային հանցագործությունը դատապարտող հայտարարություններով ։ Երևանում մեր հայրենակիցները վաղ առավոտից հարգում են բոլոր զոհվածների հիշատակը՝ ծաղիկներ դնելով Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ:

Եվս մեկ անգամ խորին ցավակցություն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում տուժածներին: Մեր բոլոր մտքերն ու աղոթքները Ռուսաստանի ժողովրդի հետ են։

Կոչ ենք անում չտարածել կեղծ տեղեկատվություն և կենտրոնանալ միայն պաշտոնական աղբյուրների վրա»,-ասված է հաղորդագրության մեջ։

Հավելենք, որ «Դոժդ» հեռուստաալիքի եթերում խոսելով  «Կրոկուս սիթի հոլում» տեղի ունեցած ահաբեկչության մասին՝ ռուս լրագրող Օլեգ Կաշինը առաջ է քաշել ահաբեկչության մեջ հայ արմատականների հնարավոր մասնակցության վարկածը։

  • Կիսվել: