Ուզում է` Վենետիկից գան, ուզում է` Լուսնից իջնեն, պարտավոր ենք սերունդներին ժառանգություն թողնել ավանդական ընտանիքներ. ԲՀԿ-ական պատգամավոր
Ինձ համար էլ էր անհասկանալի, թե քննարկումն ինչու էր գաղտնի, համենայնդեպս, գաղտնի ռեժիմը «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը չխանգարեց ասել այն, ինչի համար եկել էինք:
Այս մասին ԱԺ-ի առջև Ստամբուլյան կոնվենցիայի դեմ բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, ով դուրս էր եկել կոնվենցիայի վերաբերյալ ԱԺ քննարկումից:
«Բոլորս ավանդական ընտանիքներից ենք և պարտավոր ենք մեր սերունդներին էլ ժառանգություն թողնել ավանդական ընտանիքներ, ուզում է` Վենետիկից գան, ուզում է` Լուսնից իջնեն»,-ասաց պատգամավորը և հավելեց. «Հայաստանի վարչապետն ասել է` ժողովուրդն է ղեկավարում երկիրը, այժմ մենք պետք է հետևողական լինենք, որ այդ դրույթը կենսագործվի»:
Պետրոսյանը հայտնեց. «Եվրախորհրդարանի ներկայացուցիչները, քաջ գիտակցելով ու հասկանալով, որ մեր ժողովրդի բացարձակ մեծամասնությունը դեմ է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը, եկել էին երևի հասկանալու մեր տրամադրվածությունը, որ կարողանան մեզ համոզել, թե այն չի վնասում մեր ավանդական արժեքներին, որպեսզի մենք էլ ժողովրդին համոզենք, բայց մենք աներկբա ենք»:
Նշենք, որ այսօր Ազգային ժողովի շենքի դիմաց բողոքի ակցիա է ընթանում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ, որը նախաձեռնել է «Կամք» նախաձեռնությունը: