երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ծառուկյանը Հովիկ Աբրահամյանից խլե՞լ է ձկնաբուծարանը. Հովտաշատում այսօր կրքերը թեժ են եղել

Ծառուկյանը Հովիկ Աբրահամյանից խլե՞լ է ձկնաբուծարանը. Հովտաշատում այսօր կրքերը թեժ են եղել

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող ձկնաբուծարանում, որը գտնվում է Արարատի մարզի Հովտաշատ գյուղում, երկար ժամանակ լարված իրավիճակ էր. մի խումբ տղամարդիկ փորձել են ձկնաբուծարանից ձուկ տեղափոխել մեկ այլ ձկնաբուծարան:

Սակայն Ծառուկյանին պատկանող ձկնաբուծարանի ղեկավարությունը թույլ չի տվել, գործընթացը նկարահանել ցանկացող «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողներին խոչընդոտել են նկարահանումներ իրականացնել:

Դեպքի վայր ահազանգի հիման վրա ոստիկանության ծառայողներ են ժամանել դեպքի վայր: Ներկայացնելով իրավիճակը ձկնաբուծարանի տարածք ներխուժած Խաչիկ անունով մի հովտաշատցի հայտարարեց, որ այս ձկնաբուծարանի բիզնեսից նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը դուրս է եկել վաղուց ու հավելեց.

«Այս տերիտորիան երեք հոգու անունով է եղել, հետո Աբրահամյան Հովիկին դուրս հանեցին էս բիզնեսից, իսկ Ծառուկյանն էլ, որ իր աղջիկը հետ չգար տուն, պրոբլեմ չունենար խնամիների հետ, խնդրել ա Հովիկին երկու ամսով էս տերիտորիան գրանցեն Առուստամյանի անունով: Հովիկն էլ մարդասիրությունից դուրս գալով գրանցել ա տերիտորիան Առուստամյանի անունով ու արդեն երկու տարի է ձգում-ձգում են չեն գրանցում իրա մասնաբաժինը իրա անունով»:

Ձկնաբուծարանի տնօրեն Արայիկ Կեսոյանը փորձում էր հարթել իրավիճակը և հորդորեց բոլորին դուրս գալ տարածքից՝ այնտեղ թույլ տալով միայն ոստիկանության ու անվտանգության ծառայողներին:

InfoPort.am-ը փորձեց պարզաբանում ստանալ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանից, սակայն վերջինը չի արձագանքել մեր հարցմանը:

  • Կիսվել: