շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Սումգայիթի ջարդերից 36 տարի անց Ադրբեջանը շարունակեց իր ոճրագործությունները․ Արցախի ԱԺ

Սումգայիթի ջարդերից 36 տարի անց Ադրբեջանը շարունակեց իր ոճրագործությունները․ Արցախի ԱԺ

ԱՀ Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գ. Բաղունցը հայտարարություն է տարածել 1988թ Սումգայիթյան ջարդերի 36-րդ տարելիցի կապակցությամբ:

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Սիրելի´ հայրենակիցներ

Այսօր հայ ժողովրդի նորագույն պատմության ամենաողբերգական ու հրեշավոր էջերից մեկի և առ այսօր միջազգային իրավունքի ուժով դատապարտման չարժանացած Սումգայիթի ջարդերի 36-րդ տարելիցն է։ Ջարդարարների խմբերը, քաղաքի իրավապահ մարմինների լիարժեք անտարբերության պայմաններում, ներխուժում էին հայերի բնակարանները և անհավանական դաժանությամբ հաշվեհարդար տեսնում անմեղ մարդկանց հետ։ Հայերի նկատմամբ բռնությունները եղել են տասնամյակների ընթացքում հետևողականորեն իրականացվող քաղաքականության ծայրահեղականացված դրսևորումներ։

Անպատժելիության և ամենաթողության զգացումի, հայերի նկատմամբ անհանդուրժողականության և ատելության, ինչպես նաև Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ամեն գնով ճնշելու ձգտման համադրությունը հանգեցրեց Ադրբեջանի քաղաքական գիտակցության և պետական քաղաքականության մեջ Արցախի ժողովրդի նկատմամբ ցեղասպան մտադրությունների արմատավորմանը:

Ցավոք, Սումգայիթի ջարդերից հետո անցած 36 տարիները ևս վկայեցին, որ Ադրբեջանի իշխանությունների գործելաոճը որևէ փոփոխություն չկրեց, ավելին՝ շարունակական հայատյացության հռետորաբանությունը, ատելության քարոզը դարձան ձեռագիր.այսօրվա իրավիճակը դրա վառ ապացույցն է:

Հարգելի´ հայրենակիցներ

Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Սումգայիթում և այլ բնակավայրերում իրագործված զանգվածային հանցագործությունների անմեղ զոհերի հիշատակին և արձանագրում, որ հայատյացությունը, ուժի կիրառումը և ուժի կիրառման սպառնալիքը շարունակում է մնալ Ադրբեջանի պետական քաղաքականության առանցքում: Իսկ կատարված ոճրագործությունները քաղաքակիրթ աշխարհի համար չպետք է մնան որպես պատմության անցած ու փակված էջեր»:

  • Կիսվել: