կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Սթիվըն Սակուրի "դաժան" հարցերը Զոհրաբ Մնացականյանին "Hard Talk"-ի շրջանակում

Սթիվըն Սակուրի "դաժան" հարցերը Զոհրաբ Մնացականյանին "Hard Talk"-ի շրջանակում

 

Սթիվըն Սակուր. Բարի գալուստ Hard Talk, ես Սթիվըն Սակուրն եմ։ Հայաստանը Կովկասյան տարածաշրջանում հսկայական ռազմավարական նշանակություն ունեցող փոքր երկիր է՝ շրջապատված լարվածությամբ և թշնամությամբ։ Անցյալ տարի, ժողովրդական բողոքի ցույցերը հանգեցրին, այսպես կոչված, թավշյա հեղափոխության, որի արդյունքում Երևանում իշխանության եկավ նոր կառավարություն: Բարեփոխման վերաբերյալ հավակնոտ զրույցի շուրջ իմ հյուրն է այդ կառավարության Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Քաղաքականապես և տնտեսապես Հայաստանը ձգտում է դեպի Արևելք թե՞ Արևմուտք։ Զոհրաբ Մնացականյան, բարի գալուստ Hard Talk.

Զոհրաբ Մնացականյան։ Շնորհակալ եմ։

Սթիվըն Սակուր. Անցյալ տարին Ձեր երկրում՝ Հայաստանում, նշանավորվեց քաղաքական խոշոր հեղաշրջմամբ, այսպես կոչված, թավշյա հեղափոխությամբ, որից հետո Դուք և Ձեր Կառավարությունը պնդեցիք, որ աշխատում եք նոր Հայաստանի համար։ Թերհավատները կասեն, որ այն շատ նման է հին Հայաստանին։ Այսպիսով, ո՞րն է տարբերությունը։

Զոհրաբ Մնացականյան։ Ինչու՞ պիտի նման բան ասեն։

Սթիվըն Սակուր. Քանի որ, օրինակ, Դուք նախորդ իշխանությունների օրոք տարիներ շարունակ պաշտոնավարել եք։ Դուք կառավարական մեծ փորձ ունեք և ամենևին էլ նորեկ չեք:

Զոհրաբ Մնացականյան։ Ես կայացրել եմ իմ որոշումը՝ դիվանագիտական կարիերայից անցում կատարել քաղաքականի, ինչը զգալի փոփոխություն է։ Ես վերցրել եմ պատասխանատվությունը, որը կիսում եմ այն Կառավարության հետ, որի կազմում եմ, և դա զգալի փոփոխություն է։ Հեղափոխության արդյունքում կառավարությունը ժողովրդի, հասարակության կողմից ստացել է լայն մանդատ։ Կառավարությունն արձագանքել է այդ հանրային պահանջներին և փոփոխություններ կատարելու համար ստացել ուժեղ մանդատ։ Մենք ի ցուց դրեցինք քաղաքական կամքի շատ ուժեղ կողմը, որի ժամանակ քաղաքական կամքի առկայության դեպքում հնարավոր է շատ արագ կերպով արդյունքների հասնել, որոնք բխում են ժողովրդական պահանջից և առնչվում են կոռուպցիային, սոցիալ-տնտեսական կյանքում բոլորի համար հավասար հնարավորություններին, արդար ընտրություններին և ներկայումս առկա ամենամեծ մարտահրավերին. դատական բարեփոխումներին: Դրանք տարբեր հարցեր են: Ես պարզապես ներկայացրի կառավարության կողմից հասցեագրվող տարբեր հարցերի կարճ ցուցակը։

Սթիվըն Սակուր. Դուք պնդում եք, որ գործը շատ արագ է արվել, այդուհանդերձ, ձեր արդարադատության նախարարը՝ պարոն Բադասյանը, օրեր առաջ հայտարարել է, որ հակակոռուպցիոն հանցագործությունների բացահայտման և քննության իրավասության միասնական մարմինը, այսպես կոչված, Հակակոռուպցիոն կոմիտեն կստեղծվի միայն 2021թ.։

Զոհրաբ Մնացականյան։ Միանշանակ, դա հենց այն է, ինչ ես ասում էի քաղաքական կամքի զորության առումով։ Մենք միանշանակ գիտակցում ենք, որ քաղաքական կամքի շնորհիվ հնարավոր է հասնել արդյունքների, սակայն դա բավարար չէ։ Անհրաժեշտ է, ինստիտուցիոնալ առումով ամրապնդել համակարգը, ինչի արդյունքում հնարավոր կլինի արձագանքնել այդ երևույթներին։

Սթիվըն Սակուր. Հանձնաժողով ստեղծելու համար արդյո՞ք երկու տարի է պահանջվում:

Զոհրաբ Մնացականյան. Ոչ, ոչ, սա բավական համապարփակ գործընթաց է. պետք է աշխատել կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ կարողությունների ստեղծման ուղղությամբ: Եվ սա շատ ավելի բարդ է: Իրականում, մենք այդ ուղղությամբ աշխատում ենք ոչ միայն երկրի ներսում, այլև մեր միջազգային գործընկերների հետ, մասնավորապես տարածաշրջանային գործընկերների, ինչպիսիք են Եվրամիությունը, Եվրոպայի խորհուրդը և այլ կարևոր դերակատարներ:

Սթիվըն Սակուր. Մենք չենք խոսում ապագայի մասին, սակայն կա որոշակի մեծամտություն ձեր կառավարությունում, քանի որ ոչ վաղ անցյալում վարչապետ Փաշինյանը եվրոպացի պատգամավորներին ասել է, մեջբերում, «մեզ հաջողվել է արմատախիլ անել համակարգային կոռուպցիան»: Դա ակնհայտորեն ճիշտ չէ:

Զոհրաբ Մնացականյան: Ինչու ո՞չ:

Սթիվըն Սակուր. Դե, օրինակ դա ասելուց ընդամենը մի քանի շաբաթ անց, հակակոռուպցիոն գործակալության պետին առաջադրված  լուրջ մեղադրանքներ կային, մարդ ում նշանակել է հենց ինքը՝ վարչապետը: Սա շատ կարևոր հարցերի տեղիք է տալիս առ այն, թե արդյոք վարչապետը քաջատեղյակ է, թե ինչ է կատարվում պաշտոնյաների կոռուպցիոն առումով:

Զոհրաբ Մնացականյան: Ոչ, ոչ: Ես չգիտեմ՝ ինչ ի նկատի ունեք, բայց ինչպես և ասում եմ, մենք ամիսների ընթացքում կարողացել ենք տեղ հասցնել այն ուժեղ ուղերձը, որ իշխանության ներկայացուցիչներին ճամպրուկներ չեն բերվելու...

Սթիվըն Սակուր. Գումարներո՞վ լի ճամպրուկներ: Դա երկար ժամանակ տեղի չէր ունենում:

Զոհրաբ Մնացականյան. Այլևս անարդար պայմաններ տնտեսական և սոցիալական ոլորտներում չեն լինելու, չի լինելու այդ երևույթը: Եվ դա հնարավոր է դարձել քաղաքական կամքի և ինստուցիոնալ կարողությունների համադրման արդյունքում:

Սթիվըն Սակուր. Պարոն Սանասարյանին, ով վարչապետի մտերիմներից է և նշանակվել էր Պետական վերասկողական ծառայության՝ ներկայիս հակակոռուպցիոն ծառայության պետ, այժմ առաջադրվել են մեղադրանքներ: Երբ ժողովուրդն ականատես է լինում նման զարգացման, ինչպես կարող է վստահություն ունենալ:

Զոհրաբ Մնացականյան. Բայց չէ՞ որ համակարգն արձագանքեց, այսպես չէ՞: Համակարգն արձագանքել է:

Սթիվըն Սակուր. Ես նկատի ունեմ այն, որ վարչապետը վստահեցրել էր Եվրոպային, որ ինքն արմատախիլ էր արել համակարգային կոռուպցիան նախքան...

Զոհրաբ Մնացականյան. Վարչապետը... եկեք սա այդքան պարզունակ չդարձնենք. ինչպես արդեն նշեցի, պետք է առկա լինի ինստիտուցիոնալ կարողություն, որի ստեղծումը մեծագույն մարտահրավեր և առաջնահերթություն է: Այն պետք է ամրապնդի այն ամենը, ինչին մենք հասել ենք մեր երկրում և ինչը մենք արել ենք կառավարությանը իշխանության բերած ժողովրդի կողմից տրված մադատի շրջանակներում: Դա մեր ամենամեծ մարտահրավերն է:

Սթիվըն Սակուր. Իրավունքի գերակայությունն առաջնայի՞ն է լինելու:

Զոհրաբ Մնացականյան. Դա հենց այն է, ինչին մենք ամբողջապես ձգտում ենք: Սա մեր մանդատն է, կառավարության համար այլ կարևոր առաջնահերթություն չկա, քան իրավունքի գերակայությունը, դատական համակարգի անկախությունը, անկողմնակալությունը և վերջինիս նկատմամբ վստահության բավարար մակարդակ ձևավորելու համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը:

Սթիվըն Սակուր.Դուք ասում եք, որ խոսքը ինստիտուտների ձևավորման մասին է, ասում եք, որ դրա համար որոշ ժամանակ կպահանջվի: Ես հասկանում եմ դա, յուրաքանչյուրն էլ կհասկանա դա: Միևնույն ժամանակ մենք ակնկալում ենք այլ ազդակներ, որոնք կփաստեին, որ թավշյա հեղափոխության արդյունքում իրական փոփոխություններ են տեղի ունեցել: Եվ ուղղություններից մեկը, որտեղ մենք փոփոխություն պետք է փնտրենք, Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքի շուրջ Ձեր երկրի և Ձեր հարևան Ադրբեջանի միջև հակամարտության՝ ներկայումս փակուղի մտած իրավիճակն է: Ես դեռևս որևէ նշան չեմ տեսել առ այն, որ Ձեր կառավարությունը հակամարտության շուրջ նոր գաղափարներ և պատկերացումներ է առաջ քաշել:

Զոհրաբ Մնացականյան: Շնորհակալություն: Տեսեք, հեղափոխության շնորհիվ մեր ներքին նպատակներին հասնելու ճանապարհին ոչ ոք կասկածի չի ենթարկել մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունները: Մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունները եղել են բավականին հետևողական. այն է՝ ապահովել Հայաստանի ազգային անվտանգության ճարտարապետության կայունությունը: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն անվտանգության մեծ մարտահրավեր է Հայաստանի, մեր ժողովրդի համար: Մեզ համար դա, նախևառաջ, մեր հայրենակիցների անվտանգության, մարդու անվտանգության, 150000 մեր հայրենակիցների անվտանգության խնդիրն է: Մեր կառավարությունը, առանց հապաղելու, անմիջապես ներգրավվել է կարգավորման գործընթացի մեջ, և ներգրավվել ենք կառուցողական ձևով: Մենք լիովին քաջատեղյակ ենք խաղաղության օգուտների մասին, մենք խաղաղություն ենք ցանկանում, մենք ցանկանում ենք հասնել դրան, սակայն այնպես, որ պահպանվի կողմերի հանձնառությունների ողջամիտ հավասարարժեքությունը և մենք լուծենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և կարգավիճակի մեր բացարձակ առաջնահերթությունները:

 

 

  • Կիսվել: