շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Սիրված երգիչ էիք, հիմա եկել գլխահակ նստել եք. Մանուկ Սուքիասյանը՝ ավագանու ՔՊ-ական անդամ Արթուր Իսպիրյանին

Սիրված երգիչ էիք, հիմա եկել գլխահակ նստել եք. Մանուկ Սուքիասյանը՝ ավագանու ՔՊ-ական անդամ Արթուր Իսպիրյանին

Ավագանու անդամներին մանդատից զրկելու նախաձեռնությունն ակնհայտ է, որ կրում է ոչ թե իրավական, այլ բացառապես քաղաքական բնույթ։ Սա  աննախադեպ է: Այս մասին, այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստում հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։

Նա նշեց, որ առաջնային մանդատով օժտված ավագանու անդամին քաղաքական մեծամասնության կողմից նման սանկցիայի ենթարկելու  իրողությունը մեզանում երբևէ տեղ չի ունեցել. «Ակնհայտ է, որ գործ ունենք քաղաքական որոշման հետ, որը բխում է ստեղծված դրամատիկ իրավիճակից։ Երևանն ունի փոքրամասնության իշխանություն, Երևանի  իշխանությունը ձևավորվել է  կուլիսային գործարքների, ինչ-ինչ պայմանավորվածությունների արդյունքում, ինչը, հուսանք,  կարճ ժամանակ անց դեպքերի բերումով կդառնա բացահայտ տեղեկատվություն երևանցիների համար»,- ասաց Սուքիասյանը։

«Երեւանի ավագանու անդամների վերաբերյալ քաղաքային իշխանության մոտեցումը ակնհայտ դարձավ վերջին շրջանում Նարինե Հայրապետյանի եւ Արշակ Սարգսյանի վերաբերյալ հետապնդման աղաղակող փաստերին, երբ քաղաքապետարանը ցույց տվեց զրո վերաբերմունք: Ավագանու անդամին հետապնդում են, քաղաքապետարանը լուռ է»,-ասաց նա:

Մանուկ Սուքիասյանը հավաստիացրեց, որ եթե իրենց խմբակցության 4 անդամներին զրկեն մանդատներից, նրանց փոխարեն ավագանու անդամ դարձածները եւս նույն կերպ պայքարելու են, որեւէ բան չի փոխվելու. «Բոյկոտը եղել է քաղաքական գործիք, որովհետեւ դա է եղել միակ տարբերակը կանխելու երեւանցիներին չխոստացված որոշումները:

Բոլորդ գիտեք, որ քաղաքական որոշում է եղել քվեարկությանը չմասնակցել, բայց ասենք, Սոնա Աղեկյանը նստած է եղել դահլիճում: Հիմա ո՞րն է խնդիրը, դակիչի նման կոճակը սեղմե՞լ»:

Նա դիմեց ավագանու ՔՊ անդամ Արթուր Իսպիրյանին. «Պարոն Իսպիրյան, հիմա որ էսպես գլխահակ նստել եք, սիրված երգիչ էիք, հիմա որ գալիս եք, ոչ ելույթ եք ունենում, ոչ որոշման նախագիծ եք բերում, դուք ո՞նց եք կարծում, դուք ավելի լավ ավագանու անդամ եք, քան Աղեկյան Սոնա՞ն»: Այս խոսքերից հետո դահլիճում հնչեցին ծափահարություններ:

  • Կիսվել: