«Շրջակա միջավայրի նախարարը խուսափում է ներկայանալ խորհրդարան». Անվստահություն Էրիկ Գրիգորյանին
Այսօր Ազգային ժողովում քննարկվելու է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած հարցապնդումը Շրջակա միջավայրի մասին:
ԱԺ «Լուսավորև Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը PrimeNews.am-ին տեղեկացրեց, որ այդպիսով իրենք անվստահություն են հայտնում Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին: Սակայն ՇՄ նախարարի անունից ԱԺ խմբակցությանը արձագանքել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որն էլ, ամենայն հավանականությամբ ԱԺ-ում այսօր կներկայացնի հարցապնդման մասին կառավարության դիրքորոշումը:
Ըստ Մարուքյանի, ՇՄ նախարար Էրիկ Գրիգորյանը «խուսափում է ներկայանալ խորհրդարան» և պատասխանել ընդդիմադիր խմբակցության պատգամավորների հարցերին:
Հարցով զեկուցողը պատգամավոր Մանե Թանդիլյանն է:
Նշենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները երկար ժամանակ առաջ հայտարարել էին, որ պատրաստվում են կառավարության անդամներից մեկի նկատմամբ անվստահություն հայտնել, սակայն հրաժարևվում էին պատասխանել՝ ով է այդ նախարարը: Նկատենք, որ ԼՀ-ի կողմից սա առաջին դեպքը չէ. նախորդ տարի այս խմբակցությունը անվստահություն էր հայտնել նաև Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին: