երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ռոբերտ Քոչարյանի ականջները լավ երևում են Արցախի նախընտրական գործընթացներում, նա ֆինանսավորում է խառնակչությունը. Վահան Բադասյան

Ռոբերտ Քոչարյանի ականջները լավ երևում են Արցախի նախընտրական գործընթացներում, նա ֆինանսավորում է խառնակչությունը. Վահան Բադասյան

 Ռոբերտ Քոչարյանի ողբերգությունն այն է, որ միշտ փորձել է մասնատել քաղաքական դաշտը և հիմա էլ խոսում է Արցախի քաղաքական դաշտի մասնատվածության մասին, PrimeNews.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Արցախի հասարակական, քաղաքական գործիչ Վահան Բադասյանը՝ մեկնաբանելով Քոչարյանի հարցազրույցում հնչեցրած մտքերը։

Հիշեցնենք՝ «Հրապարակին» տված հարցազրույցում Քոչարյանը հայտարարել էր, որ վատ է՝ երբ Արցախի իշխանությունները նախագահական ընտրություններում չունեն ժառանգորդ, ինչը հանգեցրել է քաղաքական դաշտի մասնատվածության։ Բադասյանը նշեց, որ փորձեր արվում են մասնատել Արցախի քաղաքական դաշտը, բայց «թույլ չենք տալու»։ Անդրադառնալով Քոչարյանի մյուս հայտարարությանը, թե Արցախի նախագահը պետք է արցախյան պատերազմի միջով անցած լինի, Բադասյանն ասաց, որ նախագահին ընտրելու է ժողովուրդը, հետևաբար ինքն էլ կորոշի՝ ցանկանո՞ւմ է տեսնել նախագահի պաշտոնում պատերազմով անցած մեկին, թե ոչ։ «Ժողովուրդն է որոշելու՝ որ թեկնածուն է իրեն հավատարիմ, իրեն պաշտպանող, որ մեկն է տեղյակ իր դարդուցավին, որ մեկն է լուծողն այդ դարդուցավի, որ մեկն է Արցախի անվտանգության պաշտպանը։ Ամենակարևոր հարցը այն է, թե ով է Արցախը դարձնելու ավելի անվտանգ և ոչ թե այն, որ նախագահը պետք է լինի մարտական ուղի անցած։ Մենք տեսել ենք մարտական ուղի անցած թեկնածուներ, որոնք մեծ արհավիրքներ են բերել Արցախին։ Այնպես չէ, որ մարտական ուղի անցածները միանշանակ կարող են լինել լավը», -ասաց Վահան Բադասյանը։

Հարցին՝ արդյոք Ռոբերտ Քոչարյանը անուղղակի մասնակցություն ունի նախընտրական գործընթացներին, Բադասյանը արձագանքեց. «Ռոբերտ Քոչարյանի ականջները երևում են Արցախի ընտրություններում, նա բացեիբաց ֆինանսավորում է այս գործընթացը, քաղաքական դաշտի անկայուն լինելը։ Ռոբերտ Քոչարյանը հնարավորություն է տալիս հին ռեժիմի անդամներին վերարտադրվել։ Մարտադաշտ են նետել ֆեյք ընդդիմադիրներ, նոր ընդդիմադիրներ, փորձելու են խճճել դաշտը, որպեսզի խառնեն, պղտորեն։ Բայց մենք դա թույլ չենք տա»։ Հարցին, թե ո՞ւմ միջոցով է փորձում խառնակչություն անել Քոչարյանը Արցախում, Բադասյանը հրաժարվեց անուններ տալ, բայց ընդգծեց, որ այդ ամենը արցախցիները տեսնում են։ Ավելի վաղ իր հարցազրույցում Քոչարյանը, մասնավորապես, ասել էր․ «Իշխանության հռչակված իրավահաջորդի բացակայությունը բերեց քաղաքական դաշտի ծայրահեղ հատվածականացման: Ղարաբաղյան էլիտայի տարբեր հատվածները ներկայացնող նախագահի թեկնածուների այսպիսի քանակ երբեք չի եղել: Սա ոչ թե ժողովրդավարության նշան է, այլ՝ մասնատվածության դրսեւորում, ինչը մարտահրավեր է Ղարաբաղի անվտանգությանը»։ Նա նաև հատուկ ընդգծել էր, որ Արցախի հաջորդ նախագահը պետք է պարտադիր լինի ռազմական գործիչ։

  • Կիսվել: