ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Փաշինյանի հնչեցրած հայտարարությունները հաստատում են Ադրբեջանի նախապայմանները միակողմանիորեն բավարարելու մտահոգությունները․ «Հայաստան» խմբակցություն

Փաշինյանի հնչեցրած հայտարարությունները հաստատում են Ադրբեջանի նախապայմանները միակողմանիորեն բավարարելու մտահոգությունները․ «Հայաստան» խմբակցություն

«Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Մարտի 18-ին Տավուշի մարզում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունները հաստատում են ընթացող բանակցային գործընթացում ադրբեջանական նախապայմանները միակողմանիորեն բավարարելու մեր բոլոր մտահոգությունները:

Մասնավորապես.

• Առանց վերջնական համաձայնության և փոխադարձության սկզբունքի պահպանման՝ հատվածական սահմանազատումն ու սահմանագծումը ամբողջությամբ բխում է Ադրբեջանի շահերից:

• Հատվածական սահմանազատման և սահմանագծման գործընթացը հենց Տավուշի մարզից սկսելը հանգեցնելու է ՀՀ առաջնագծի ամենաամուր և կահավորված հատվածի կազմաքանդմանը, էապես ջլատելու է ՀՀ պաշտպանական հնարավորություններն այդ հատվածում, անմիջական վտանգներ է ստեղծելու սահմանամերձ բնակչության համար:

Ռազմավարական ճանապարհների նկատմամբ վերահսկողության փաստացի կորուստը բազմապատկելու է ՀՀ անվտանգային սպառնալիքները:

Սեփական ժողովրդին շարունակաբար պատերազմով սպառնալու միջոցով ադրբեջանական չդադարող պահանջների կատարումը ոչ միայն չի կանխելու Ադրբեջանի կողմից նոր պահանջների առաջ քաշումը, այլև պարարտ հող է ստեղծելու վերջինիս կողմից նոր ագրեսիվ գործողությունների համար:

Հօգուտ Ադրբեջանի սահմանազատման և սահմանագծման լավագույն փորձից հրաժարվելը, միջազգային փորձի անտեսումը ազգային կենսական շահերից հրաժարվելու վկայությունն են:

Հարկ է ընդգծել, որ հօգուտ այլ պետության Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողությունները, տարածքներ հանձնելը պետության դեմ ծանրագույն հանցագործություններ են»:

  • Կիսվել: