շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Պահանջում ենք ՀՀ իշխանություններից ձեռնարկել գործնական, վճռական քայլեր՝ մեր պատանդ և գերի դարձած հայրենակիցներին անհապաղ ազատ արձակելու համար․ «Միասին» շարժում

Պահանջում ենք ՀՀ իշխանություններից ձեռնարկել գործնական, վճռական քայլեր՝ մեր պատանդ և գերի դարձած հայրենակիցներին անհապաղ ազատ արձակելու համար․ «Միասին» շարժում

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը պահանջում է ՀՀ կառավարությունից և Միջազգային պատկան ատյաններից բոլոր իրավական և քաղաքական միջոցները ձեռնարկել Բաքվի բանտերում անլուր տառապանքների ենթարկվող հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու համար։

Շարժման՝ ՀՀ պատկան մարմիններին ուղղված դիմումում նաեւ ասվում է. «Ադրբեջանում, ըստ հայաստանցի իրավապաշտպանների, այժմ մի քանի տասնյակ հայ է ապօրինի ազատազրկված, նրանց թվում՝ Արցախի Հանրապետության նախկին ղեկավարները, որոնք 30 տարի գլխավորել են Արցախ հայության ազգային-ազատագրական պայքարն ընդդեմ ադրբեջանական ցեղասպանական բռնազավթման։ 2023 թվականի սեպտեմբերի 19 միջազգային հանցագործ Ալիևի վարչախմբի կազմակերպած ցեղասպանական հարձակումից հետո Արցախը լիովին հայաթափվեց, նրանք դարձան Ադրբեջանի հակահայ քաղաքականության զոհը և հերթական թիրախները։ Նրանց ծանր մեղադրանքներ են առաջադրվել՝ ապօրինի զինված կազմավորումների ձևավորումից մինչև ահաբեկչություն։

Դեռ 2021-ի մայիսին Եվրախորհրդարանը ձայների 607 կողմ 27 դեմ հարաբերակցությամբ բանաձև ընդունեց՝ կոչ անելով պաշտոնական Բաքվին առանց նախապայմանների ազատ արձակել Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիներին։ Երեկ՝ մարտի 19-ին Եվրախորհրդարանում կայացավ «Հայ ռազմագերիներն Ադրբեջանում» խորագրով համաժողովը։ Սակայն ընդունված բանաձևին  և հնչած գնահատականներին չեն հետևում գործուն պատժամիջոցներ, և բանաձևերը մնում են բարի կամքի լոկ խոսքային դրսևորում, դրանից առավել անպատիժ դարձած Ալիևը նոր ուժով է շարունակում ազգային-ազատագրական պայքար մղող Արցախի հայության բռնի ոչնչացման իր ծրագիրը, որի հաջորդ փուլը Հայաստանի Հանրապետության տարածքների զավթումն է և տարածշրջանում այն «Արևմտյան Ադրբեջանի» վերածումը։

Մարտի 28-ին ադրբեջանական AzTV-ին եթեր է հեռարձակելու Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի  և գեներալ Լևոն Մնացականյանի հարցազրույցները, որոնք կոպտորեն խախտում են միջազգային իրավունքի սկզբունքները։ Նրանք ազատազրկման մեջ են և ունեն ռազմագերու կարգավիճակ։ Անթույատրելի է ցեղասպան թշնամու ձեռքում հայտնված մարդկանց հարցազրույցներն օգտագործել իբրև քաղաքական սակարկությունների գործիք՝ ողջ հայ ժողովրդի ահաբեկելու և նսեմացնելու նպատակով։ Սա հիբրիդային պատերազմի գործիք է ընդդեմ մի ողջ ազգի․ անազատության մեջ գտնվող անձանց անթույլատրելի է  նսեմացնել, ենթարկել ուղղակի և ապա՝ հոգեբանական կտտանքների․ Բաքուն խախտել է Ժնևյան կոնվենցիաները, որտեղ հստակ նշվում է՝ ռազմագերիներին չպետք է դարձնել հանրային հետաքրքրության առարկա։

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը, արտահայտելով հայության հավաքական կամքը, պահանջում է ՀՀ իշխանություններից ձեռնարկել գործնական, վճռական քայլեր՝ մեր պատանդ և գերի դարձած հայրենակիցներին անհապաղ ազատ արձակելու համար։

Հավաստում ենք, որ աննահանջ պայքարելու ենք մեր գերիների վերադարձի իրավունքի համար, թույլ չենք տալու մեր քաղաքացիների նսեմացումն ու այդ գնով Հայաստանից նորանոր տարածքային զիջումների և ինքիշխանության կորուստը։

  • Կիսվել: