Ներկայացուցիչների պալատում Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման հարցում ՀՀ արտաքին քաղաքականությունը որևէ դեր չի ունեցել, դա հայ համայնքի հաղթանակն է. քաղաքագետ
Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից հոկտեմբերի 29-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը դեռ ոչինչ չի նշանակում, PrimeNews.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց միջազգային իրավունքի մասնագետ, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։
«Չպետք է մոռանանք, որ երկպալատ Կոնգրեսի պալատներից մեկն է ընդունել հարցը: Ավելին, փաստաթուղթը օրենք չէ, այլ՝ բանաձև, հայտարարություն, որը չի գնալու Սենատ հաստատվի, հետո գնա՝ ԱՄՆ նախագահին՝ վավերացվելու: Սա օրենք չէ, ընդամենը՝ հայտարարություն: Սենատում համանման բովանդակությամբ փաստաթուղթ կա, որը նույնպես պետք է դրվի շրջանառության մեջ և քվեարկվի մոտ ժամանակներս: Մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներից մեկը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Հաջորդիվ պետք է լինի մյուս պալատի կողմից նման բանաձևի ընդունումը», -ներկայացրեց Սարգսյանը:
Անդրադառնալով բանաձևին դեմ քվեարկած 11 կոնգրեսականներին, Սարգսյանն ասաց, որ դրանք տարբեր դրդապատճառներ ունեին դեմ քվեարկելու հայտարարության նախագծին, քանի որ կային մարդիկ, ովքեր թուրքական բարեկամական խմբի անդամներ էին: «Իհարկե, նաև թուրք ադրբեջանական լոբբիստները փորձել են ամեն կերպ խանգարել բանաձևին, բայց չստացվեց: Կարծում եմ, այս 11 թիվը բացարձակ նշանակություն չունեցող թիվ է, եթե հաշվի առնենք 405 կոնգրեսականի կողմ ձայնը», -նկատեց քաղաքագետը:
Նրա պնդմամբ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից բանաձևի ընդունման գործում Հայաստանի արտաքին քաղաքականությունը որևէ դեր չի ունեցել: «Սա բացառապես հայկական կազմակերպությունների ու հայ համայնքի հաղթանակն է», -հավելեց նա: Ո՞րն է Հայաստանի իշխանությունների անելիքը լինելու հարցին, Սարգսյանը պատասխանեց, որ Հայաստանի իշխանությունները բոլոր մակարդակներում պետք է ողջունեն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից կատարվածը ու քաջալերի հայ համայնքին, որպեսզի նրանք ավելի ակտիվ աշխատեն ԱՄՆ Սենատում համանման բանաձևի ընդունման համար:
Հիշեցնենք՝ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ է քվեարկել, 405-ը, դեմ՝ 11-ը, ձեռնպահ՝ 3-ը, իսկ 14 կոնգրեսական չի քվեարկել։