կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Միրզոյանը Ուրուգվայի լրատվամիջոցներին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա առանցքային հարցեր

Միրզոյանը Ուրուգվայի լրատվամիջոցներին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա առանցքային հարցեր

Ուրուգվայ կատարած պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի  նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույցներ է տվել տեղի առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներին:  Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ուրուգվայի միջև հարաբերություններին, դրանց պատմական կապերին, երկկողմ օրակարգն էլ ավելի հարստացնելուն ուղղված երկուստեք ջանքերին, Մոնտեվիդեոյում ՀՀ, իսկ ավելի վաղ Երևանում Ուրուգվայի ռեզիդենտ դեսպանության բացման միջոցով երկու բարեկամ երկրների միջև գործընկերությանը նոր խթան հաղորդելու մտադրություններին:

Հանգամանալից անդրադարձ է կատարվել ՀՀ արտաքին քաղաքականության այլ ուղղությունների, Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին, առկա մարտահրավերներին և դրանց հաղթահարման ուղղությամբ գործադրվող ջանքերին:

Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա առանցքային հարցերն ու դրանց վերաբերյալ ՀՀ դիրքորոշումները:

Որպես խաղաղության օրակարգի մաս՝ Արարատ Միրզոյանը խոսել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մանրամասների մասին:

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանել է լրագրողներին հետաքրքրող այլ հարցերի, այդ թվում նաև՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման հետևանքով բռնի տեղահանված հայ բնակչության կարիքների հասցեագրմանը:

  • Կիսվել: