կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մենք ՀՀ-ի անվտանգությունն ենք ուզում. Միրզոյանն անդրադարձել է ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններին

Մենք ՀՀ-ի անվտանգությունն ենք ուզում. Միրզոյանն անդրադարձել է ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններին

Հայաստանի Հանրապետությունն առաջնորդվում է պետական շահով և իր անվտանգությունն է ուզում։ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին, թե, ի վերջո, Հայաստանը ՀԱՊԿ-ից ի՞նչ է ուզում։

«Մենք ոչ մեկից ոչ մի բան չենք ուզում, մենք առաջնորդվում ենք Հայաստանի Հանրապետության շահով, մենք Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ենք ուզում՝ սա է այն մոտիվացիան, որով անդամակցել ենք ՀԱՊԿ-ին, սա է այն ընկալումն ու ակնկալիքը, որն ունեցել ենք ՀԱՊԿ-ից։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից այլ բան, քան մեր սահմանների անվտանգությունը՝ չենք ուզում և չենք էլ կարող ուզել, և պետք էլ չէ»,- ընդգծեց Միրզոյանը։

Նրա խոսքով՝ երբ տեղի էր ունեցել Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակում,  Հայաստանը դիմել էր ՀԱՊԿ գործընկերներին, որպեսզի նրանք նախ փաստեին, որ խախտվել է ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը, սահմանները ոտնահարվել են։ Այնուհետև, ըստ Միրզոյանի, Հայաստանը ակնկալել է, որ ՀԱՊԿ անդամ ընկերները դաշնակցաբար, քաղաքական և դիվանագիտական ճանապարհներով կփորձեն լուծել խնդիրը և կպաշտպանեն Հայաստան տարածքային ամբողջականությունը։

«Եթե այդ ճանապարհով չստացվեր (սրա մասին կոնկրետ խոսակցություն չի էլ գնացել, տեսականորեն եմ ասում), Դաշինքի անդամները պարտավոր էին ռազմական ճանապարհով իրար աջակցություն հայտնել։ Առաջին ակնկալիքի դեպքում անգամ ՀԱՊԿ-ի հետ խնդիր ենք ունեցել, էլ չեմ ասում երկրորդ և երրորդի մասով։ Մենք ակնկալել ենք, որ առնվազն մեր դաշնակիցները ընդունեն, որ այ՛ո, ձեր սահմանների վրա տեղի է ունեցել հարձակում»,- եզրափակեց Միրզոյանը։

  • Կիսվել: