երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
«Մայր Հայաստանը» կիրացնի իր մանդատները․ Թևանյանը՝ ՔՊ-ի ներկայացրած նախագծի մասին

«Մայր Հայաստանը» կիրացնի իր մանդատները․ Թևանյանը՝ ՔՊ-ի ներկայացրած նախագծի մասին

«Մայր Հայաստան» խմբակցությունը, չնայած ՀՀ իշխանությունների կողմից իրենց նկատմամբ արվող քայլերին, միևնույնն է` իրացնելու է այն մանդատները, որոնք ստացել է երևանցիներից։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի մոտ հրավիրված ճեպազրույցի ժամանակ ասաց «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը։

«Վերջին շրջանում ՀՀ իշխանությունները տոտալ հարձակման են անցել «Մայր Հայաստան» խմբակցության դեմ։ ՀՀ իշխանության քայլերը համարում ենք քաղաքական հետապնդում մեր խմբակցության նկատմամբ, ինչպես նաև իրավական «բեսպրեդել»»,- նշեց Թևանյանը։

Նա հիշեցրեց, որ «Մայր Հայաստանի» նկատմամբ առաջին քայլը, որ տեղի ունեցավ, դա ավագանու անդամ Նարինե Հայրապետյանին էր առնչվում, որը սպառնալիքներ էր ստանում իր քաղաքական գործունեության հետ կապված։ Վերջինս դիմել էր ոստիկանություն, որտեղ հաղորդում էր ներկայացրել։

Ըստ Թևանյանի` իրենց խմբակցության վրա ՀՀ իշխանության վերջին «հարձակումն» էլ այն է, որ ՔՊ-ն «Հանրապետություն» խմբակցության հետ ավագանու արտահերթ նիստ է նախաձեռնել, որի ժամանակ քննարկվելու է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության 4 անդամի, ինչպես նաև «Ազգային առաջընթաց» խմբակցության 1 ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը։

  • Կիսվել: