երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Իրավական հարցեր են․ Կոպիրկինը՝ ՌԴ-ում գտնվող նախկին պաշտոնյաների քրգործերի մասին

Իրավական հարցեր են․ Կոպիրկինը՝ ՌԴ-ում գտնվող նախկին պաշտոնյաների քրգործերի մասին

Ինձ համար այդ հարցը քաղաքական չէ, այլ իրավական: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ կոպիրկինը։

Անդրադառնալով Հայաստանում քրեական գործերով անցնող մի խումբ նախկին պաշտոնյաների՝ Ռուսաստանում գտնվելու հանգամանքին, դեսպանը նաև նշեց․

«Այդ հարցի վերաբերյալ իմ դիրքորոշումն արդեն հայտնել եմ, ինձ համար այդ հարցը քաղաքական չէ, այլ իրավական է: Եվ հենց այդ տեսանկյունից էլ պետք է դրան նայել: Կան համապատասխան իրավաբանական գործիքներ, կոնվենցիաներ, երկու երկրների օրենսդրական նորմեր: Մեր երկրների գլխավոր դատախազություններում կան պրոֆեսիոնալ մասնագետներ, ովքեր միմյանց հետ շփվում են այդ հարցով: Եկեք հնարավորություն տանք, որ նրանք անեն դա»։

Նշենք, որ Ռուսաստանի Դաշնությունում են գտնվում  ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը և , Մարտի 1-ի քրեական գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը, որոնք մեղադրվում են մարտի 1-ի քրեական գործով։ ՌԴ-ում է գտնվում նաև  ՀՀ ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը։ Նրան մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերով գույք հափշտակելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու համար։

 

 

  • Կիսվել: