երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Հուսով ենք՝ ՀՀ իշխանությունը համապատասխան իրավական գնահատական կտա.ՌԴ դեսպանատունը՝ հուշարձանի հետ կապված միջադեպի մասին

Հուսով ենք՝ ՀՀ իշխանությունը համապատասխան իրավական գնահատական կտա.ՌԴ դեսպանատունը՝ հուշարձանի հետ կապված միջադեպի մասին

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը մեկնաբանել է Երևանում «Պաշարված Լենինգրադի երեխաներին» հուշարձանի հետ կապված միջադեպին՝ կատարվածը որակելով վանդալիզմի ակտ:

«Խորապես վրդովված ենք «Պաշարված Լենինգրադի երեխաներին» հուշարձանի մոտ ցինիկ սադրանքից։ Դժվար է նման գործողությունները համարել այլ բան, քան այս ողբերգության զոհերի և քաղաքը պաշտպանած հերոսների հիշատակի նկատմամբ բացահայտ ստորացում», - ասվում է դեսպանատան մեկնաբանությունում։

Դեսպանատունը հույս է հայտնել, որ այս գործողությունները համապատասխան իրավական գնահատական կստանան Հայաստանի իշխանությունների կողմից, և որ պատասխանատուները պատասխանատվության կենթարկվեն։

«Ուրախ ենք, որ մեր գնահատականը կիսում են նաև հայ հասարակության մեջ, ինչի մասին է վկայում սոցցանցերում այս աղաղակող արարքի վերաբերյալ զանգվածային վրդովմունքը», - նշել են ՌԴ դեսպանատանը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հանձնարարել է քրեական գործ հարուցել Երևանում «Պաշարված Լենինգրադի երեխաներին» հուշարձանը պղծելու դեպքի առթիվ։ 

Սոցցանցերում ու լրատվամիջոցներում տարածված տեսանյութերի համաձայն՝ Երևանում տղամարդը մոտեցել է հուշարձանին, ծաղկեպսակներից պոկել և տրորել է Ռուսաստանի դրոշի գույներով ժապավենը, գետնին գցել ծաղկեպսակները՝ նկարահանելով իր գործողություններն ու հրապարակելով տեսանյութը։

  • Կիսվել: