ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայկական կողմը պետք է խուճապ սերմանի ադրբեջանական հասարակության ու վերնախավի շրջանում. Ոսկանյան

Հայկական կողմը պետք է խուճապ սերմանի ադրբեջանական հասարակության ու վերնախավի շրջանում. Ոսկանյան

Դատելով արդեն իսկ գրանցված նախադեպերից՝ Արցախի հարցով բարձր մակարդակի հայ-ադրբեջանական գրեթե յուրաքանչյուր հանդիպումից հետո Բաքվի բռնապետի քարոզչամեքենան փորձում է ներազդել հայաստանյան հասարակության ներսում առկա տրամադրությունների վրա՝ կիրառելով նույնիսկ այնպիսի ազդեցիկ գործիք, ինչպիսին, դիցուք, արտգործնախարար Մամեդյարովի ծավալուն հարցազրույցն է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է արևելագետ Վարդան Ոսկանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Կուզենայի հիշեցնել, որ արդի աշխարհում հակառակորդի ներքին լսարանի վրա քայքայիչ ազդեցություն գործադրելու կարողությունը և հմտությունը լրջագույն տեսական-կիրառական տիրույթ է՝ ոչ պակաս կարևոր, քան ռազմական կամ դիվանագիտական ճակատները, ուստի հայկական կողմը հենց այս պահին պետք է պատրաստ լինի ոչ միայն հակազդելու հնարավոր թշնամական քարոզչությանը, այլ նաև նախահարձակ գործողություններով ճնշելու այն՝ ներքին տարաձայնություններ կամ խուճապ սերմանելով ադրբեջանական հասարակության և քաղաքական վերնախավի տարբեր շերտերում։

Ընդ որում, այժմ Ադրբեջանում դրա համար կա ավելի քան պարարտ հող՝ հաշվի առնելով այդ կազմավորման ներսում առկա նախընտրական գործընթացները։

#միջամտիր_Բաքվի_բռնապետի_ներքին_գործերին»:

Հիշեցնենք, որ քիչ առաջ ավարտվել է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, որը կշարունակվի նաև վաղը:

  • Կիսվել: