Հայաստանը շարունակում է ամուր կանգնած մնալ խաղաղության օրակարգը խթանելու դիրքերում. Գրիգորյան
Ստրասբուրգում գումարվել է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը, որի աշխատանքներին մասնակցում է նաեւ ՀՀ ԱԺ պատվիրակությունը: Նստաշրջանի բացման նիստին ելույթ է ունեցել հայկական պատվիրակության անդամ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը:
«Մեծարգո՛ նախագահ,
Ես ցանկանում եմ խոսել իմ երկրի համար շատ կարեւոր իրադարձության մասին, որը տեղի ունեցավ ապրիլի 5-ին Բրյուսելում:
Այդ իրադարձությունը եռակողմ հանդիպումն է ՀՀ վարչապետի, ԵՄ հանձնաժողովի նախագահի եւ Բարձր ներկայացուցչի եւ ԱՄՆ պետքարտուղարի միջեւ: Հանդիպման օրակարգը եւ նպատակը ուրվագծվել են անցյալ տարի Գրանադայում ՀՀ վարչապետի եւ ԵՄ հանձնաժողովի նախագահի հանդիպման ժամանակ Եվրոպական քաղաքական համայնքի միջոցառման շրջանակներում: Հայտարարվել է Հայաստանի տնտեսական դիմակայունությանը, առեւտրային գործընկերությունների բազմազանեցմանն ու հզորացմանը ԵՄ-ԱՄՆ համատեղ աջակցության մասին: Սակայն, դրանից առավել, իրադարձությունն ինքնին աննախադեպ էր իր ձեւաչափով եւ քաղաքական ուղերձի իմաստով:
«Մենք կարծում ենք, որ ավելի ուժեղ եւ ավելի կայուն Հայաստան նշանակում է ավելի ուժեղ եւ կայուն Հարավային Կովկաս», – սրանք Բարձր ներկայացուցիչ Յոզեպ Բորելի խոսքերն են:
«Մենք կիսում ենք Հայաստանի ժողովրդի ապագայի տեսլականը, ցանկանում ենք, որ Հայաստանը որպես ուժեղ, անկախ պետություն իր տեղը զբաղեցնի իր հարեւանների հետ խաղաղության մեջ՝ կապված տարածաշրջանի եւ աշխարհի հետ», – հայտարարել է պետքարտուղար Բլինքենը:
Այս բանաձեւումները լավագույնս արտացոլում են Հայաստանի, ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի տեսլականների զուգահեռումը մեր տարածաշրջանում, որտեղ Հայաստանը դիտվում է որպես ժողովրդավարական գործընկեր, եւ նրա ինքնիշխանությանն ու դիմակայունությանն աջակցելը օրակարգային է:
Մեզ համար առանցքային է Հայաստանի կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը աջակցությունը, որի նպատակն է խթանել կապն ու երկխոսությունը մեր հարեւան երկրների, ինչպես նաեւ ավելի լայն տարածաշրջանի հետ: Մենք ձգտում ենք ինտեգրել մեր նախաձեռնությունը ԵՄ Գլոբալ դարպասների ռազմավարությանը: ԵՄ հանձնաժողովի նախագահը հանձնառություն ստանձնեց առ այն, որ ԵՄ-ն կհետազոտի միջսահմանային տրանսպորտը, իսկ ԱՄՆ պետքարտուղարը հայտարարեց, որ ԱՄՆ-ն աջակցում է գաղափարներին, որոնք Հայաստանի կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության էությունն են:
Վերոհիշյալն առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի եւ մեր տարածաշրջանի համար, հատկապես այս շրջանում, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է: Պետք է փաստեմ, սակայն, որ բանակցությունները ընթանում են դանդաղ՝ Ադրբեջանի կողմից քաղաքական կամքի բացակայության հետեւանքով: Այստեղ հարկ է նշել նաեւ, որ Ադրբեջանը խիստ քննադատության է ենթարկում ապրիլի 5-ի Բրյուսելյան հանդիպումը՝ այն անվանելով «ոչ ներառական»: Իրականությունն այն է, որ եթե այս պատմության մեջ կա մի կողմ, որը նպաստել է ոչ ներառականությանը, ապա դա Ադրբեջանն է, որը հրաժարվեց մասնակցել անցյալ տարվա հոկտեմբերին Գրանադայում հնգակողմ բանակցություններին, մերժեց ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը Ադրբեջան՝ նախագահական ընտրություններին եւ այդպես շարունակ:
Հայաստանը շարունակում է ամուր կանգնած մնալ խաղաղության օրակարգը խթանելու եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու դիրքերում:
«Բարգավաճ, ինքնիշխան եւ ժողովրդավարական Հայաստանը, որը զարգացնում է իր գործընկերային հարաբերությունները եւ ազատորեն գծում է իր սեփական ուղին, կնպաստի տարածաշրջանային կայունությանը»,- ասվում է Բրյուսելյան հանդիպման ամփոփիչ հայտարարության մեջ:
Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս-ուսի կանգնած լինեն մեր կողքին: Եկեք առաջնորդենք մեր համագործակցությունը դեպի նոր հորիզոններ», – նշել է Հռիփսիմե Գրիգորյանը: