շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Ֆրանսիայի ֆարչապետը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը

Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Ֆրանսիայի ֆարչապետը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը

Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը Փարիզում մասնակցել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը։   

Ատալը միջոցառման ժամանակ հանդես է եկել ելույթով, որի տեսագրությունը հրապարակել է X-ի իր էջում։

«Այս հիշարժան պահին, երբ երբեմն ամեն ինչ մեզ դրդում է դադարել հավատալ, ես ուզում եմ հույս տեսնել: Հույս, որովհետև Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան: Խաղաղության և համերաշխության հույս եմ ուզում հայտնել, որովհետև մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, և, չնայած կորուստներին, երբեք չենք հանձնվում: Հույս, որ ժողովրդավարության, հանդուրժողականության և ազատության մեր ընդհանուր արժեքները կհաղթեն: Հայաստանը վերապրել է դրամաներ, արցունքներ, հարձակումներ»,- իր ելույթում նշել է նա և հավելել, որ ապրիլի 24-ին Ֆրանսիան հարգանքի տուրք է մատուցում խոշտանգված ժողովրդին։   

Տեսանյութին կից արված գրառմամբ՝ Ատալը նշել է, որ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին խաղաղության և իր սահմանների նկատմամբ հարգանքի համար մղվող պայքարում։

Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատունը ևս միջոցառման մասին հաղորդագրություն է տարածել։

«Ապրիլի 24-ին Հայաստանի էսպլանադում՝ Կոմիտասի վարդապետի արձանի առջև, տեղի ունեցավ ֆրանսահայ համայնքի ամենամյա հավաքը և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մատուցման պետական արարողությունը։

Միջոցառումը սկսվեց ծաղկեպսակների զետեղման պաշտոնական արարողությամբ, որի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անունից Կոմիտասի արձանի առջև ծաղկեպսակ խոնարհեց Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը, Սենատի նախագահ Ժերար Լարշեի անունից՝ Սենատի «Հանրապետականներ» խմբակցության նախագահ Բրունո Ռըտայոն, Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի նախագահ Վալերի Պեկրեսը, Օ-դը-Ֆրանս ռեգիոնի նախագահ Քզավիե Բերտրանը, Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահները։ Ծաղկեպսակներ զետեղվեցին նաև Ֆրանսիայում գործող հայկական և ազգային այլ համայնքներ ներկայացանող բազմաթիվ կազմակերպությունների անունից։

Հաջորդիվ, ֆրանսահայ համայնքին ուղղված ելույթներով հանդես եկան CCAF-ի համանախագահները, Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի նախագահ Վալերի Պեկրեսը, Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն և Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը։

Միջոցառման պատվավոր հյուրերի շարքում էին տասնյակ ֆրանսիացի պաշտոնյաներ՝ Ֆրանսիայի կառավարության անդամներ, պատգամավորներ, սենատորներ, Եվրոպական խորհրդարանի անդամներ, ռեգիոների և դեպարտամենտների նախագահներ, քաղաքապետեր, ինչպես նաև՝ Ֆրանսիայում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ։

Արարողության ավարտից հետո տեղի ունեցավ ավանդական երթը՝ հազարավոր ֆրանսահայերի մասնակցությամբ»,- ասված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: