կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հայաստանում ավելացել է քաղաքացիություն չունեցող անձանց թիվը. Դա անհանգստացնում է իշխանություններին

Հայաստանում ավելացել է քաղաքացիություն չունեցող անձանց թիվը. Դա անհանգստացնում է իշխանություններին

2023-ին ուսումնասիրվել են քաղաքացիություն չունեցող անձանց թվի աճի պատճառները, ինչի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել վերանայել օրենսդրությունը՝ նման անձանց թիվը նվազեցնելու նպատակով։ Այս մասին նշվել է փետրվարի 8-ին, ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության 2023 թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու ժամանակ, որին մասնակցել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Արդյունքում՝ մշակվել է «Քաղաքացիություն չունեցող անձանց մասին» օրենքի նախագիծ, որը կկանոնակարգի նաև ՔՉԱ-ի կարգավիճակի որոշման ընթացակարգը։

2023թ.-ին գործարկվել է նաև migration.e-gov.am հարթակը: Այն քաղաքացիներին հնարավորություն է տալիս առցանց տարբերակով ստանալու մի շարք տեղեկանքներ, մասնավորապես, հաշվառման հասցեի վերաբերյալ, հանրային ծառայությունների համարանիշի վերաբերյալ՝ ինչպես քաղաքացու, այնպես էլ իր անչափահաս զավակների համար, անձը հաստատող փաստաթղթերի վերաբերյալ:

Կայքի միջոցով իրականացվում է նաև առցանց հերթագրում Երևանի անձնագրային ծառայություններում սպասարկվելու համար: Ըստ պատասխանատուների, այսպիսով նվազել է հերթերով պայմանավորված ծանրաբեռնվածությունը Միգրացիայի և քաղաքացիության տարածքային ստորաբաժանումներում, հերթերը տեղափոխվել են էլեկտրոնային տիրույթ: Առաջիկայում migration.e-gov.am կայքում թվայնացված ծառայությունները կընդլայնվեն։

2024 թվականի հունվարի մեկից հանվել է նաև օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության նշումը (ելքի կնիք)։ Աշխատանքները միտված են նրան, որպեսզի քաղաքացիները մի քանի տարին մեկ անգամ անհրաժեշտություն ունենան այցելել անձնագրային ծառայություններ:

  • Կիսվել: