կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները պետք է վերականգնել․ Աշոտյան

Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները պետք է վերականգնել․ Աշոտյան

 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից հեռավար կարգով պատասխանել է քաղաքացիների կողմից իրեն ուղղված հարցերին։ 

Մարատ Գևորգյանը հարցրել է․ «Պարոն Աշոտյան, արտաքին քաղաքականություն վարելիս ՌԴ-ն մեզ համար կարո՞ղ է նորից վստահելի դաշնակից լինել, թե՞ նոր դաշնակիցների կարիք, միևնույն է, կա»։

«Հայաստանի նման երկրների դեպքում արտաքին քաղաքականությունը պետք է նախևառաջ ծառայի երկրի անվտանգության ամրապնդմանը։Անգամ Նիկոլի ձախողված դիվանագիտությունը այս թեզի ապացույցն է, իհարկե, հակառակ նշանով. վատ արտաքին քաղաքականությունը բերել է անվտանգային միջավայրի կտրուկ վատթարացմանը։

Պետք է նաև ազնվորեն գիտակցել, որ ցանկացած դաշնակցային հարաբերություն նման է «հաշվարկով ամուսնության», որտեղ սերը պարտադիր չէ, բայց փոխադարձ հարգանքը և վստահությունը՝ պարտադիր։

Միջպետական հարաբերությունների դիապազոնը շատ լայն է և, անշուշտ, շատ դաշնակիցներ ունենալը առավելություն է ցանկացած երկրի համար։ Հայաստանի արտաքին իրավիճակը այնպիսին է, ցավոք, որ մեծ ընտրություն չի տալիս իրավական դաշնակիցներ որոնելու։ Ուստի հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները պետք է վերականգնել, միաժամանակ համընդհանուր շահերի հիման վրա հարաբերություններ կառուցել տարածաշրջանային և գլոբալ այլ դերակատարների հետ։

Պետք է նաև գիտակցել, որ այսօր Նիկոլը այնքան է մսխել Հայաստանի քաղաքական կապիտալը, որ մեր արժեքը գեոպոլիտիկ բորսայում բարձր չէ, ավաղ։

Եվ վերջում՝ քաղաքական գործչի սիրտը պիտի գլխում լինի, ուստի ֆրանսիական կրուասանների, ավստրիական հոթ-դոգերի և իտալական կապուչինոների համին չնայած և այդ հույսով ապրողներին ստիպված եմ նախազգուշացնել, որ այս տեմպերով՝ այդ ամենի փոխարեն մեզ սպասում են թուրքական ցոններ և քյաբաբներ»,- պատասխանել է Արմեն Աշոտյանը։

  • Կիսվել: