ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Հաշտվեք էն մտքի հետ, որ նոր խորհրդարանում եք». «Կամազների» հարցով ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը տապալվեց

«Հաշտվեք էն մտքի հետ, որ նոր խորհրդարանում եք». «Կամազների» հարցով ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը տապալվեց

 Երևանի կարիքների համար «Կամազների» նվիրատվության գործընթացն ուսումնասիրելու համար Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով չստեղծվեց. Խորհրդարանական մեծամասնությունը չմասնակցեց քվեարկությանը, իսկ երկու ընդդիմադիր խմբակցությունների ձայները չբավարարեցին այն ստեղծելու համար: Մինչ նախագծի ընդունումը, սակայն, իրավիճակը խորհրդարանում լարված էր. այս անգամ կռվողները իշխանական «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների անդամներն էին: Էդմոն Մարուքյանը քվեարկությունից առաջ հույս հայտնեց, որ իշխանական խմբակցությունը չի տապալի հանձնաժողովի ստեղծումը, քանի որ նման գործելաոճը վատ նախադեպ է ստեղծելու խորհրդարանական Հայաստան ունենալու բռնած ճանապարհին: Մարուքյանի՝ նախագիծը չտապալելու կոչին միացավ նաև Բարգավաճ Հայաստանից Նաիրա Զոհրաբյանը և դիմելով իշխանական խմբակցությանը, ասաց. «Դուք հանձնաժողովում ունենալու եք մեծամասնություն և հնարավորություն կունենաք տեսակետ հնչեցնել ու փարտել բոլորի ողջամիտ կասկածները, որ կան «Կամազ-գեյթ» էպոպեայի հետ կապված»:

Իր հերթին «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ իրենք չեն մասնակցելու նախագծի քվեարկությանը և բացատրեց ինչու. «Վատ նախադեպը կլինիայն, որ իրավունքի ուժով ստեղծված հանձնաժողովը իրականացնի գործառույթներ, որոնք իր լիազորությունների մեջ չի մտնում ու պարունակում է հակասահմանադրական տարրեր»: Նա ընդգծեց, որ տեղական ինքնակառավարման մարմիններին ընձեռված իրավունքը չի կարող իրացնել Ազգային ժողովը: «Երևանի ավագանու Լույս դաշինքը կարող է քննություն անցկացնել հենց ավագանու ներսում: Ի դեպ, դրան մասնակցելու պատրաստակամություն է հայտնել նաև ավագանու Իմ քայլը խմբակցությունը: Խնդրեմ աշխատեք ավագանու կազմում», -հավելեց Մակունցը:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, որ իշխանական մեծամասնությունը հարցերն ու խնդիրները կոծկելու որևէ մտադրություն չունի, ունի քաղաքական կամք, ուղղակի չի կարող գնալ հակասահմանադրական ճանապարհով: Մարուքյանը դարձյալ վարման կարգով հակադարձեց Միրզոյանին՝ հայտարարելով, որ քաղաքական մեծամասնությունը ամենևին էլ չունի քաղաքական կամք:

«Սա վատ նախադեպ է, նման նախադեպ չի եղել անգամ նախկին խորհրդարաններում, որ ընդդիմության սահմանադրական լիազորությունները նման ճանապարհով տապալվեն: Սրանից հետո էլ ինչ խայտառակություն պետք է լինի որ», -հայտարարեց Մարուքյանը՝ ընդգծելով, որ կատարվածը հետընթաց է: Այս հայտարարությունից հետո բավական վրդովված էր ԱԺ «Իմ քայլից» Ռուբեն Ռուբինյանը: Նա Մարուքյանին հորդորեց կոռեկտ արտահայտվել ու շարունակեց. «Եթե կարոտում եք նախկին խորհրդարանին, կարող եք գնալ ձեր նախկին գործընկերների հետ սուրճ խմել: Հաշտվեք էն մտքի հետ, որ նոր խորհրդարանում եք»:

Մարուքյանը Ռուբինյանին թույլ չտվեց շարունակել, նա իր տեղից իջավ, մոտեցավ Ռուբինյանին ու ձեռքը դեպի նա պարզած վրդովված խոսում էր, որը լսելի չէր: Մի քանի վայրկյան վրդովված խոսելուց հետո, Մարուքյանը լքեց ԱԺ նիստերի դահլիճը:

  • Կիսվել: