շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Գիտեք, մեր աշխարհը երկբևեռ չէ, այն սև և սպիտակ չէ․ Մնացականյանը BBC-ի լրագրողին

Գիտեք, մեր աշխարհը երկբևեռ չէ, այն սև և սպիտակ չէ․ Մնացականյանը BBC-ի լրագրողին

ՀԱՊՔ թե ՆԱՏՕ, ԵԱՏՄ թե ԵՄ, Ռուսաստան թե ԱՄՆ․․․ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Hard Talk-ի շրջանակում պատասխանել է BBC-ի լրագրող Սթիվըն Սակուրի Հայաստանի արտաքին քաղաքական նախընտրությունների և գերակայությունների վերաբերյալ հարցերին։  

Սթիվըն Սակուր. Ինձ թվում է՝ Հայաստանը գալիք տարիներին առերեսվելու է ռազմավարական ընտրության այն առումով, որ Դուք ունեք նոր կառավարություն, և պետք է որոշեք, թե արդյոք ձեր երկրի ռազմավարական շահն է ձեր առաջնահերթությունները կապել Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի հետ, որի անդամ եք հանդիսանում, և, եթե չեմ սխալվում՝ այժմ նախագահում եք, և մեծագույն ջանքեր գործադրել հարաբերություններ զարգացնելու ուղղությամբ, թե երկարաժամկետ հեռանկարում, ըստ էության, շարժվելու եք դեպի արևմուտք՝ ԵՄ և ՆԱՏՕ։ Ի՞նչ եք պատրաստվում անել:

Զոհրաբ Մնացականյան։ Գիտեք, մեր աշխարհը երկբևեռ չէ, այն սև և սպիտակ չէ։ Մեր արտաքին քաղաքականությունը հիմնված է մեր անվտանգության ճարտարապետության ամբողջականության ապահովման համար գործընկերային հարաբերությունների ամրապնդման վրա։ Մենք համապարփակ, դաշնակցային հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ, որը մեր արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է, միասին աշխատում ենք Եվրասիական տնտեսական միության, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում։ Հավասարապես, Եվրամիությունն առանցքային կարևորություն ունեցող գործընկեր է, Հայաստանի և տարածաշրջանի անվտանգության մատակարարող։ Հավասարապես, Միացյալ նահանգները շատ կարևոր գործընկեր են Հայաստանի համար...

Սթիվըն Սակուր. Ես հասկանում եմ, պարոն նախարար, բայց անկեղծ ասած, այլաբանություն օգտագործելով, եթե փորձեք երկու ձի հեծնել, ավելի մեծ վնասվածք ստանալու վտանգի առջև կարող եք կանգնել: Թույլ տվեք պարզապես մեջբերել ձեր իսկ փոխվարչապետի խոսքերը, ով վերջերս ասել է. «նոր կառավարության գալուց ի վեր, Հայաստանը բոլորովին այլ մակարդակի հարաբերություններ ունի Եվրամիության հետ»: Նա նշեց, որ «այս նոր քաղաքական թիմը», այսինքն՝ դուք և մյուս նախարարները, «և այս նոր քաղաքական իրավիճակը այժմ ամբողջովին համահունչ է ԵՄ մոտեցումներին»: Իրականում այդպես չէ՞:

Զոհրաբ Մնացականյան. Որևէ հակասություն չկա: Եվրամիությունը Հայաստանի հետ հարաբերություններ չի կառուցել այնպես, որ պնդի, որ մենք պետք է հարաբերություններ ունենանք միայն այս ուղղությամբ` առանց այլ ուղղությունների, քանի որ մեր արտաքին քաղաքականության ամենամեծ մարտահրավերը և շատ կարևոր առաջնահերթությունը մի գործընկերոջ հետ հարաբերությունները մեկ այլ գործընկերոջ հետ հարաբերությունների հաշվին չկառուցելն է: Սա շատ բարդ գործողություն է, բայց սա այն է, ինչը պահանջում է մեր ազգային անվտանգությունը:

Սթիվըն Սակուր. Սա կդառնա ձեր բարեփոխման օրակարգի, սկզբունքների և արժեքների համար փորձություն, քանի որ եթե գերադասեք հավատարիմ մնալ Պուտինի Ռուսաստանին, Եվրասիական տնտեսական միությանը, անկեղծ, դուք հավանաբար կշարունակեք հին ռեժիմների գործելակերպը Հայաստանում. կենտրոնացում, ավտորիտար իշխանություն, խոսքի ազատության իրական խնդիրներ, կամ դուք կարող եք որդեգրել այլ արժեքներ, բաց լինել և ընդունել Եվրամիության անունից բազում արժեքներ, սա է ընտրությունը:

Զոհրաբ Մնացականյան. Կարծում եմ՝ նույն սխալն եք գործում. Դուք փորձում եք Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության մեջ աշխարհաքաղաքականություն տեսնել: Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, բացառապես հայկական հարց էր: Հեղափոխությունը արժեքների հեղափոխություն էր, հեղափոխությունը ժողովրդավարության, մարդու իրավունքների մասին էր, իրավունքի գերակայության մասին էր: Սա այն է, ինչ վերաբերում է Հայաստանին, սա է այն, ինչ մեզ անհրաժեշտ էր մեր երկրի համար, սա այն է, թե ինչպես մենք արձագանքեցինք ժողովրդի մանդատին. մեր հեղափոխության մեջ չկա աշխարհաքաղաքականություն:

Սթիվըն Սակուր. Հիլարի Քլինթոնն ասել է, թեև դա վաղուց է եղել, սակայն, միևնույն է, այն կարող է դեռ արդիական լինել. նա Եվրասիական տնտեսական միությունը նկարագրել է որպես «քայլ՝ Վլադիմիր Պուտինի կողմից ղեկավարվող տարածաշրջանը վերախորհրդայնացնելու համար», և նա վշտով ավելացրեց՝ «մենք գիտենք, թե որն է նպատակը»:

Զոհրաբ Մնացականյան. Դա տեսակետ է, որն արտահայտվել է, և պարտադիր չէ, դրա հետ համաձայնվել: Որովհետև մեզ համար Եվրասիական տնտեսական միությունը 200 միլիոնանոց շուկա է, որին մենք՝ որպես անդամ, մուտք ունենք, մենք նաև մասնակից ենք տնտեսական միությունում կարգավորող կանոններին: Բայց դա չի արվում Եվրամիության հետ հարաբերությունների հաշվին: Եվրամիության հետ մենք ունենք շատ կարևոր հարաբերություններ, արժեքահեն հարաբերություններ: Մենք ունենք շատ կարևոր իրավական հենք՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր Եվրամիության հետ, որն ունի շատ կարևոր քաղաքական մաս, արդարադատության մաս, ոլորտային բարեփոխումների մաս...

Սթիվըն Սակուր. Դուք ունեք բոլոր այդ պայմանավորվածությունները և համաձայնագրերը, ես խոսում եմ մեծ տեսլականի, մեծ ապագայի մասին: Կան շատ մարդիկ, հենց ձեր հայրենակիցներից, որոնց երկարաժամկետ երազանքն է տեսնել Հայաստանը ԵՄ-ի կազմում կամ վերջինիս հետ շատ սերտ ասոցացման մեջ, և ՆԱՏՕ-ի կազմում կամ վերջինիս հետ շատ սերտ ասոցացման մեջ: Դուք այդ մարդկանցից չեք, այնպես չէ՞:

Զոհրաբ Մնացականյան. Հայաստանում որևէ մեկը չի պատրաստվում անել այնպիսի բան, որը կարող է վտանգել… Մենք անվտանգության շատ բարձր զգացում ունեցող ազգ ենք, չենք պատրաստվում այնպիսի քայլեր ձեռնարկել, որոնք կարող են վտանգել մեր անվտանգությունը…

Սթիվըն Սակուր. Ուստի, մնալու եք Մոսկվայի կողքին, որովհետև Մոսկվան ձեր անվտանգության ամենամեծ երաշխավորն է...

Զոհրաբ Մնացականյան. Մենք չենք մնում Մոսկվայի կողքին, մենք չենք մնում Բրյուսելի կողքին, մենք չենք մնում Վաշինգտոնի կամ մեկ ուրիշի կողքին: Մենք միայն Երևանում ենք, մենք աշխատում ենք միայն Հայաստանի շահերի համար, և դա պահանջում է շատ բարդ աշխատանք, սակայն այս ամենն անվտանգության համար է, Հայաստանի շահերի համար է: Մենք առաջնորդվում ենք Հայաստանի ազգային շահերով: Մենք բացարձակապես մերժում ենք, չենք ընդունում երկբևեռ աշխարհը՝ այս կամ այն ձևով: Մենք նաև չենք ընդունում հետևյալը. մի՛ դատեք մեր ժողովրդավարությունը մեր աշխարհաքաղաքական որոշումներով, քանի որ մեր աշխարհաքաղաքական որոշումները շատ համալիր են, դրանք, գիտեք, շատ ամբողջական են, և ունենք մեր գործընկերների լիարժեք ըմբռնումը՝ լինի դա Ռուսաստանը, Եվրամիությունը կամ ԱՄՆ: Մեզ դա հաջողվում է:

Սթիվըն Սակուր. Եթե կարող եմ այդպես ասել, դուք քայլում եք շատ նուրբ պարանի վրայով:

Զոհրաբ Մնացականյան. Այո դժվար է, համաձայն եմ:

 

  • Կիսվել: