ԱՄՆ Սենատի կողմից բանաձևի ընդունումը վճռորոշ քայլ է՝ ծառայելու արդարությանը. Մնացականյան
ԱՄՆ Սենատի կողմից 150 բանաձևի միաձայն ընդունումը վճռորոշ քայլ է՝ ծառայելու արդարությանը, ճշմարտությանը և Հայոց ցեղասպանության ճանաչմանը, այն հարգանքի տուրք է զոհերի հիշատակին և նրանց արժանապատվությանը: Այս մասին գրել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Շնորհակալություն ենք հայտնում Սենատորներ Ռոբերտ Մենենդեսին, Թեդ Քրուզին և ԱՄՆ Սենատի բոլոր անդամներին»:
Հիշեցնենք, որ այսօր ԱՄՆ Սենատը միաձայն (առանց վերապահումների) ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Նա, մասնավորապես, նշել էր. «Հիրավի պատմական իրադարձություն. ԱՄՆ Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը»:
Նշենք նաև, որ այս տարվա հոկտեմբերին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը, իսկ մի քանի սենատորներ վետո էին դրել՝ արգելափակելով դրա քննարկումը Սենատում: Այսօր, սակայն, Սենատը միաձայն (առանց վերապահումների) ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը: