ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա, Տավուշից ոչ ոք ոչինչ չի տալիս․ Սարգիս Խանդանյան

Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա, Տավուշից ոչ ոք ոչինչ չի տալիս․ Սարգիս Խանդանյան

2021 թվականին Հայաստանում խաղաղության օրակարգով իշխանության եկած կառավարությունն ունի լիազորություն ջանքեր գործադրել խաղաղության հասնելու համար։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սարգիս Խանդանյանը։ Լրագրողները նրան հիշեցրել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը, որ մեր երկրում 3 միլիոն վարչապետ կա, և հավելել, որ Տավուշում առնվազն մի քանի հարյուր վարչապետ այսօր դեմ է իրականացվող գործընթացին։
 
«Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա, Տավուշից ոչ ոք ոչինչ չի տալիս»,- ասաց Խանդանյանը։
Ըստ ՔՊ-ական պատգամավորի՝ բանակցությունների արդյունքում վերջապես իրենց հաջողվել է հասնել նրան, որ Ալմա Աթայի հռչակագիրն ընդունվի որպես քաղաքական հիմք սահմանազատման համար։
 
«Այն տարածքը, որը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը, այդտեղով պետք է արվի սահմանագծումն այնպես, որ այդ տարածքները մնան ՀՀ տիրապետության տակ»,- նշեց պատգամավորը։
 
Խանդանյանի խոսքով՝ երբ սահմանազատման գործընթացն ավարտվի և կողմերի միջև կնքվի համապատասխան պայմանագիր, այն կներկայացվի երկու երկրների խորհրդարանների վավերացմանը։

  • Կիսվել: