կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երբ գա ժամանակը, հայ-թուրքական սահմանի լիարժեք բացումը կնպաստի երկու ժողովրդի մերձեցմանը. Սերդար Քըլըչ

Երբ գա ժամանակը, հայ-թուրքական սահմանի լիարժեք բացումը կնպաստի երկու ժողովրդի մերձեցմանը. Սերդար Քըլըչ

Հայ-թուրքական սահմանը կբացվի երրորդ երկրի և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար, իսկ հետագայում այս պրակտիկան կընդլայնվի Թուրքիայի և Հայաստանի քաղաքացիների համար. այս մասին ասել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գծով Թուրքիայի բանագնաց Սերդար Քըլըչը Անթալիայի դիվանագիտական ֆորումում թեմատիկ քննարկման ժամանակ:

«Հայաստանից Թուրքիա, Թուրքիայից Հայաստան իրականացվում են չվերթներ, ինչը նշանակում է՝ երկու երկրի քաղաքացիների միջև կապ, երկխոսություն կա: Սահմանների բացումը միակ քայլը չէ, մենք այլ քայլեր էլ ենք ձեռնարկում իրավիճակի կարգավորման համար... Մենք բարենպաստ պայմաններ ենք ստեղծում Թուրքիայում ՀՀ քաղաքացիների ապրելու համար», - ասել է Քըլըչը՝ հավելելով, որ վերջիններս անգամ ներդրումներ են անում Ստամբուլում:

«Այսինքն ջանքեր գործադրվում են, և երբ գա ժամանակը, սահմանի լիարժեք բացումը կնպաստի երկու ժողովրդի մերձեցմանը», - նշել է թուրք դիվանագետը՝ ընդգծելով, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների շարունակմանը զուգընթաց Թուրքիան անում է իրենից կախված հնարավոր ամեն ինչ:

Նա ընդգծել է, որ բանակցային արդյունքները պետք է դրական ազդեցություն ունենան երկու կողմի համար:

«Սակայն անհրաժեշտ է տարածաշրջանում պատասխանատվություն ցուցաբերել, հակառակ դեպքում ջանքերն ապարդյուն կլինեն, ինչը նշանակում է, որ ոչ մի արդյունք չի լինի... Պետք է դասեր քաղենք անցած երեսուն տարվա անհաջողություններից և դրանից հետո կարող ենք կենտրոնանալ դրական պահերի վրա: Եթե անցյալից դասեր չքաղենք, ամեն ինչ ապարդյուն է լինելու: Կայուն խաղաղության և անվտանգության հաստատման համար պետք է հաշվի առնել երեք երկրի (Հայաստան, Թուրքիա, Ադրբեջան) վիճակը», - ասել է դիվանագետը:

Նա շեշտել է, որ գործընթացը բավականին բարդ է, հնարավոր չէ միանգամից արդյունքի հասնել:

«Կարծում եմ՝ կարելի է հաղթահարել որոշ տարաձայնություններ և շարունակել բանակցությունները, որոնել հարցերի լուծումը», - եզրափակել է Քըլըչը:

  • Կիսվել: