շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Դեսպան Տոլմաջյանը Դիժոնի քաղաքապետի հետ քննարկել է ՀՀ շուրջ ձևավորված աշխարհաքաղաքական իրավիճակը

Դեսպան Տոլմաջյանը Դիժոնի քաղաքապետի հետ քննարկել է ՀՀ շուրջ ձևավորված աշխարհաքաղաքական իրավիճակը

Մարտի 12-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանն աշխատանքային այց է կատարել Դիժոն քաղաք։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:

Այցի ընթացքում դեսպան Տոլմաջյանը հանդիպում է ունեցել Դիժոնի քաղաքապետ, Դիժոն մետրոպոլի, ինչպես նաև «Ֆրանսիայի քաղաքների միություն» կազմակերպության նախագահ Ֆրանսուա Ռեբսամենի հետ։

Հանդիպման ընթացքում Հայաստանի դեսպանը և Դիժոնի քաղաքապետը քննարկել են հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությանն առնչվող հարցեր, անդրադարձ են կատարել Հայաստանի շուրջ ձևավորված աշխարհաքաղաքական իրավիճակին և անվտանգային մարտահրավերներին։

Նույն օրը Հայաստանի դեսպանը հանդիպում է ունեցել նաև Խաղողի և գինու միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Ջոն Բարկերի հետ։ Զրուցակիցները քննարկել են կազմակերպության շրջանակներում Հայաստանի գործունեությանն առնչվող հարցեր, մտքեր փոխանակել համատեղ միջոցառումներ իրականացնելու հնարավորությունների վերաբերյալ։

Դեսպան Տոլմաջյանը նաև հանդիպումներ է ունեցել Բուրգոյն-Ֆրանշ-Կոնտեի շրջանում գործունեություն ծավալով խոշոր տնտեսվարողների հետ՝ առաջարկելով դիտարկել Հայաստանում ներդրումներ իրականացնելու հնարավորությունը։

  • Կիսվել: