կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Անկախության հռչակագիրը ընդունվել է Սփյուռքի եւ Արցախի համաձայնությամբ. Աշոտ Ղուլյան

Անկախության հռչակագիրը ընդունվել է Սփյուռքի եւ Արցախի համաձայնությամբ. Աշոտ Ղուլյան

Հռչակագիրն ընդունվել է ոչ պակաս թշնամական պայմաններում, քան այսօր է։ Այս մասին ասել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը՝ ելույթ ունենալով Անկախության հռչակագրին եւ Սահմանադրությունից Հռչակագրի հղումը հանելուն վճռական «ոչ» ասելուն նվիրված համաժողովում։

«Որքան էլ փորձեցի նախադեպ գտնել այլ երկրներում՝ սեփական հիմքը վերացնելու մասին, չգտա։ Եվ այստեղ մենք եզակի ենք»,- նշել է Ղուլյանը՝ ավելացնելով, որ Արցախի կորստից հետո թվում էր, թե եզակիության նման փորձերն արդեն սպառվել են։

Ղուլյանը փաստել է փաստաթղթի ընդունման կոնսենսուսի բարձրագույն մակարդակը։ Պատասխանելով իշխանությունների հնչեցրած «փաստարկներին՝ Ղուլյանը հիշեցրել է, որ հռչակագիրն ընդունվել է ոչ պակաս թշնամական պայմաններում, գումարած փախստականների հոսքն Ադրբեջանից եւ Սպիտակի ավերիչ երկրաշարժը, ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունների խոչընդոտումը։

«Հռչակագիրն ընդունվել է համազգային կոնսենսուսի պայմաններում, Սփյուռքի եւ Արցախի համաձայնությամբ։ Ղուլյանի խոսքով՝ ՀՀ իշխանությունների՝ Սահմանադրությունը փոխելու գաղափարն, անկասկած, կապված է Հռչակագրից անկախության հիշատակումը հանելու հետ, որտեղ խոսվում է անկախության իրավունքի եւ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միավորման, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին։ Անթույլատրելի է այդ կետերի վերախմբագրումը։ Բայց խոսքը միայն դրանց մասին չէ։ Ղուլյանի կարծիքով՝ «ուղղումները» կարող են վերաբերել քաղաքացիությանն ու պաշտպանությանը։

Հատուկ նրանց համար, ովքեր «սպառնալիք» են տեսնում ՀՀ-ում Արցախի պետինստիտուտների գոյության մեջ, Ղուլյանը հիշեցրել է, որ Ադրբեջանի կողմից ԱԴՀ սահմաններում անկախության վերականգնման հռչակագի ընդունումից անմիջապես հետո Արցախը հռչակեց երկրորդ հայկական պետությունը, ինչը գոնե ժամանակավորապես կասեցրեց Հայաստանի հասցեին հնչող տարածքային պահանջները։

  • Կիսվել: