կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ակնհայտ է, որ այս անվտանգային համակարգը չի գործում. հիմա փորձում ենք զենք գնել բոլոր հնարավոր տեղերից. Ալեն Սիմոնյան

Ակնհայտ է, որ այս անվտանգային համակարգը չի գործում. հիմա փորձում ենք զենք գնել բոլոր հնարավոր տեղերից. Ալեն Սիմոնյան

Մեկ տասնյակից ավելի դրվագով ակնհայտ է դարձել, որ Հայաստանի դաշնակիցը իրեն չի օգնում:  Նման դիրքորոշում հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

«Մեկ տասնյակից ավելի դրվագով ակնհայտ դարձավ, որ մեր դաշնակիցը մեզ չի օգնում: Չեն էլ ասում, որ չեն օգնում: Բայց մեր երկիրն ու մեր մարդիկ անսահման ու անծայրածիր չեն: Մենք այդքան ռեսուրս չունենք, որ մեր տղաների, մեր երկրի սահմանների հաշվին սպասենք, թե մեր դաշնակիցը, որը դաշնակից է և ՀԱՊԿ-ով, և ուղիղ պայմանագրով, երբ է օգնելու: Իրենք հետո ասում են, թե մենք այսինչը չարեցինք, դրա համար իրենք չօգնեցին, իսկ ո՞ւր են դաշնակցական պարտավորությունները: Պարտավորություններն իրենց վրայից գցում են»,-ասաց Սիմոնյանը:

Հայաստանի համար ակնհայտ է, որ այդ անվտանգային համակարգը չի գործում:

«Էլ ի՞նչ պետք է լինի, որ մենք հասկանանք, որ այս անվտանգային համակարգը չի գործում: Տեսանք, թե Արցախն ինչ եղավ, Խծաբերդը, Հին Թաղերը, Սև լիճը, Ջերմուկը, Լաչինի միջանցքը, գերիները, տեսանք, թե ինչ եղավ: Մեր ռեսուրսը՝ մարդկային, քաղաքական, պետական, անսահմանափակ չէ»,-ասաց նա:

Ըստ Սիմոնյանի՝ անվտանգային այլընտրանքը, ՀՀ կարծիքով, բոլոր հնարավոր միջոցներն օգտագործելն է, նաև փորձ անել ՀԱՊԿ-ին ինչ-որ ձև վերակենդանացնել:

Անդրադառնալով հնարավոր այլընտրանքի վերաբերյալ հարցին՝ ԱԺ նախագահն ասաց. «Հիմա մենք փորձում ենք  զենք գնել բոլոր հնարավոր տեղերից՝ մեր պետությունը պաշտպանելու համար: Հիմա, եթե դա ինչ-որ մի անվտանգային համակարգի խանգարում է, իրենց խնդիրն է, ակնհայտ է, որ իրենք իրենց պարտավորությունները չեն կատարում»:

Հայաստանը շարժվելու է այն ուղղությամբ, որը իրեն առավել անվտանգություն կապահովի: ԱԺ նախագահը համարում է, որ ժողովրդավար երկիր լինելը Հայաստանի անվտանգային ամենամեծ համակարգն է: Աշխարհը հիմա բաժանվել է երկուս մասի: Ըստ նրա՝ մի մասն ասում է, որ աշխարհակարգ ու կանոններ գոյություն ունեն՝ ինչպես Ալմաթայի հռչակագիրը, մի մասն ասում է, որ ուժեղի իրավունքն է գործում: Հայաստանը համարում է, որ իր անվտանգությունը ժողովրդավար երկիր լինելն է, ժողովրդավար համակարգի հետ առնվազն շատ սերտ աշխատելը:

«Մենք ֆիզիկապես ավելի ուժեղ չենք ոչ Թուրքիայից, ոչ Ադրբեջանից, մենք չենք կարող դիմակայել, առավել ևս, երբ դաշնակիցը, որը մեզ պետք է պաշտպաներ, լավագույն դեպքում մեզ չի պաշտպանում, եթե ոչ համատեղ գործընթացի մեջ է գտնվում: Իսկ ես վստահ եմ, որ համատեղ գործընթաց կա՝ և շատ վաղուց: Եվ վստահ եմ, ու Ուկրաինայի պատերազմը սկսվել է Լեռնային Ղարաբաղի պատերազմով: Այստեղ պետք էր այլընտրանքային ճանապարհ ստանալ հնարավոր պատժամիջոցներից խուսափելու համար, ինչը հիմա արվում է: Ինչպես օրինակ՝ ռուսական գազը հիմա Ադրբեջանը վաճառում է Եվրոպային իր խողովակներով: Դա փաստ է, իմ հորինածը չէ»,-ասաց Սիմոնյանը:

ԱԺ նախագահն, այսպիսով, չի բացառում Ադրբեջանի և Ռուսաստանի պայմանավորվածությունը: «Նույնիսկ կարող եմ ասել, որ Սիրիայից է սկսվել: Ռուս-թուրքական բախումը Սիրիայում, լարվածություն եղավ, հետո տեղափոխվեց մեր տարածաշրջան: Փորձ կատարվեց այս տարածաշրջանում ապահովել ստաբիլություն, օղակ գցել երկու երկրների վզին՝ թե Հայաստանի, թե Ադրբեջանի վրա: Թուրքիան ներս մտավ»,-ասաց Սիմոնյանը՝ չբացառելով, որ Թուրքիայի հետ է եղել պայմանավորվածությունը:

Ալեն Սիմոնյանը մտահոգված է, որ կարող է պայմանավորված էսկալացիա լինել: Ըստ նրա՝ ամենամեծ մտահոգությունն է, թե որտեղից է հարվածը լինելու, ակնհայտ է, որ այդ հարվածն արվում է Ադրբեջանի ձեռքերով, ուղղված է Հայաստանի ինքնիշխանության դեմ:

  • Կիսվել: