ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀՀ ՊՆ-ում անլուրջ են համարում Global Firepower 2019 պաշտպանունակության ինդեքսը

ՀՀ ՊՆ-ում անլուրջ են համարում Global Firepower 2019 պաշտպանունակության ինդեքսը

ՀՀ ՊՆ-ում անլուրջ են համարում Global Firepower 2019 պաշտպանունակության ինդեքսը, ըստ որի Հայաստանը զիջել է իր դիրքերը՝  նահանջելով մինչև 96-րդ հորիզոնական: 

"Մենք այդ վարկանիշը լուրջ կամ պրոֆեսիոնալ չենք գտնում, ուստի նպատակահարմար չենք գտնում որևէ կերպ մեկնաբանել այն։  Կոչ ենք անում ԶԼՄ-ներին նույնպես առաջնորդվել այդ գիտակցությամբ և իրենց հրապարակումներում չհիմնվել այդ տվյալների վրա, որպես փորձագիտական նյութի", - ասել է InfoPort.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Նշենք, որ ինդեքսի համաձայն Ադրբեջանը ամրապնդել է իր պաշտպանունակության դիրքերը՝ բարձրանալով 52-րդ հորիզոնականի վրա։ 

Վարկանիշային ցանկում նշվում է, որ Ադրբեջանի զինված ուժերը բաղկացած է 367 հազար մարդուց, որից 67 հազարը իրականացնում է զինվորական ծառայություն, իսկ 300 հազարը գտնվում է պահեստազորում։

Ընդհանուր առմամբ, զինվորագրված է Ադրբեջանի բնակչության 3,7 տոկոսը։ Հայաստանի զինված ուժերի թիվը 245 հազար է, որից 45 հազարը իրականացնում են ամիջական զինվորական ծառայություն, իսկ 200 հազարը պահեստազորում են։ Հայաստանի բնակչության 8,1 տոկոսն է զինվորագրված, ինչը նշանակում է, որ Հայաստանն ավելի ռազմականացված է։ Ադրբեջանն ունի 138 ինքնաթիռ եւ ուղղաթիռ, Հայաստանը՝ 63։

Ընդ որում, Ադրբեջանն ունի 18 կործանիչ եւ 17 մարտական ուղղաթիռ։ Ադրբեջանն ունի 665 տանկ եւ 1971 զրահամեքենա, 419 հրանոթ եւ 182 հրթիռային համակարգ, իսկ Հայաստանն ունի 110 տանկ, 500 զրահամեքենա, 213 հրանոթ, եւ 70 հրթիռային համակարգ։ Հայաստանը որպես ցամաքային երկիր չունի ռազմածովային նավատորմ։ Global Firepower-ի տվյալների համաձայն, Ադրբեջանն ունի 31 մարտական նավ եւ 4 սուզանավ։ Ադրբեջանի ռազմական բյուջեն կազմում է 1,6 միլիարդ, Հայաստանինը՝ 0,512 միլիարդ դոլար։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: