ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ադրբեջանն ահաբեկման մթնոլորտը շիկացնելով՝  որոշակի աջակցություն է հատկացնում ՀՀ իշխանությանը․ Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանն ահաբեկման մթնոլորտը շիկացնելով՝ որոշակի աջակցություն է հատկացնում ՀՀ իշխանությանը․ Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանը փորձում է ճնշումը մեծացնել՝ ոչ թե բուն սպառնալիքների միջոցով կամ բանակցային գործընթացներում հնչող կոշտացող բառապաշարով, այլ կոնկրետ առաջնագծում։ Անդրադառնալով վերջին օրերին հայկական բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական կրակոցներին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը: Նա ուշագրավ է համարում հանգամանքը, որ թիրախավորվում են նաև խաղաղ բնակավայրերը։ «Որքան էլ դա ներկայացնում են որպես անկանոն կրակոցներ, այդպես չէ։ Կա վտանգ, որ այդ կրակոցներից կարող էին մարդիկ տուժել, որովհետև դրանք եղել են ոչ միայն գերեզմանաքարերի, այլ առանձնատների ուղղությամբ, որտեղ եղել են մարդիկ։ Եթե տներ են թիրախավորվում, ես դրանք անկանոն չէի համարի։ Ուղիղ թիրախավորում են ունեցել»,- նշեց ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչը։ Տիգրան Աբրահամյանի համոզմամբ՝ Ադրբեջանն ունի կոնկրետ ահաբեկման նպատակ և գյուղացիների շրջանում «ահաբեկման մթնոլորտը շիկացնելով՝  որոշակի աջակցություն է հատկացնում Հայաստանի իշխանությանը»։

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը լայնամասշտաբ ռազմական գործողությունների հնարավորություն այս պահին չի տեսնում։ «Ոչ թե այն պատճառով, որ Ադրբեջանն ագրեսիվ չէ կամ ընդունակ չէ դրան, այլ այս փուլում ադրբեջանական քաղաքական նպատակը որոշակի սահմանափակ ճակատով կոնկրետ ուղղություններով գործողությունների իրականացնում է, որոնք կարող են Ադրբեջանի համար մարտավարական և ռազմավարական գերակայության տեսանկյունից կարևոր հանգրվան դառնալ»,- հայտարարեց Տիգրան Աբրահամյանը։

Անդրադառնալով դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացին՝ Տիգրան Աբրահամյանը նշեց, որ դա հնարավոր չէ սկսել, որովհետև նախ պետք է լինի փոխհամաձայնեցված իրավական, պայմանագրային բազա, այդ թվում համապատասխան քարտեզներ։ «Իսկ եթե այդ համաձայնությունը գոյություն չունի ուրեմն ոչ կարող է դելիմիտացիա լինել, ոչ էլ առավել ևս դեմարկացիա։ Իսկ այդ տեսանկյունից սա ևս մեկ անգամ ցույց տվեց, որ իշխանությունը գնում է միակողմանի զիջումների, ուղղակի փորձում է քողարկել բուն գործընթացը »,- ասաց Տիգրան Աբրահամյանը։

Ընդդիմադիր պատգամավորի մոտ որոշակի կասկածներ կան սահմանազատումը Տավուշի մարզից սկսելու Գլխավոր շտաբի նախաձեռնության վերաբերյալ։ Նա առաջիկայում քայլեր է ձեռնարկելու հասկանալու համար, թե ԳՇ-ն ինչ է առաջարկում։

  • Կիսվել: