շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
2023-ին ՀՀ-ԵՄ առևտրաշրջանառությունը զգալի աճել է. ԱԺ-ում քննարկվել է Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը

2023-ին ՀՀ-ԵՄ առևտրաշրջանառությունը զգալի աճել է. ԱԺ-ում քննարկվել է Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 15-ի արտահերթ նիստում քննարկել և ի գիտություն է ընդունել ՀՀ Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է  նախորդ տարի ոլորտում իրականացված աշխատանքները՝ նշելով, որ զգալիորեն խորացել է ՀՀ-ԵՄ քաղաքական երկխոսությունը՝ էապես բարձրացնելով քաղաքական երկխոսության մակարդակը և ընդգրկելով նոր բաղադրիչներ, այդ թվում՝ անվտանգության ոլորտում: Մասնավորապես, 2023 թվականի հունվարի 23-ին ԵՄ խորհուրդը որոշում է ընդունել Հայաստանում երկարաժամկետ՝ երկու տարով, քաղաքացիական առաքելության տեղակայման վերաբերյալ: Առաքելության գործունեության մեկնարկը տրվել է 2023 թվականի փետրվարի 20-ին: Առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը կնքվել է 2023 թվականի նոյեմբերի  20-ին, իսկ դեկտեմբերի 11-ին ԵՄ արտաքին գործերի խորհուրդը որոշում է ընդունել ՀՀ-ում ԵՄ առաքելության կազմն ընդլայնելու վերաբերյալ:

2023 թվականին Հայաստանի և ԵՄ-ի միջև մեկնարկել է քաղաքական ու անվտանգային հարցերով երկխոսությունը, որի առաջին նիստը տեղի է ունեցել Երևանում՝ հունվարի 26-ին, իսկ երկրորդ նիստը՝ Բրյուսելում՝ նոյեմբերի 15-ին:

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստեղծված գործընկերության ինստիտուցիոնալ շրջանակը շարունակել է արդյունավետ գործել ինչպես 2023 թվականին, այնպես էլ 2024 թվականի առաջին եռամսյակում:

Փոխնախարարը ներկայացրել է նաև ԵՄ-ի կողմից իրականացված հումանիտար աջակցությունը՝ ուղղված ԼՂ-ից  բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքներին:

Հաշվետու տարվա ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել  ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին: Հարցը քննարկվել է բարձրաստիճան բոլոր հանդիպումների և բարձրագույն քաղաքական մարմինների նիստերի ընթացքում, ընդլայնվել է իրավապայմանագրային դաշտը:

Հարցուպատասխանի ընթացքում հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը և հանձնաժողովի անդամ Սոնա Ղազարյանը հետաքրքրվել են արտոնագրերի հետ կապված տարատեսակ խնդիրներով, որոնք  մտահոգում են քաղաքացիներին:  «Ցավոք, պետք է կիսեմ ձեր մտահոգությունը և ափսոսանքով նշեմ, որ կա միայն մեկ հարց, որտեղ դեռ չենք հասել մեր ցանկացած արդյունքներին: Դա արտոնագրերի հարցն է: Ինչպես նշեցի, այստեղ աշխատանքներ են  տարվել բոլոր մակարդակներով, սակայն չեմ կարող ասել, որ կար առաջընթաց: Հակառակը՝ կար հետընթաց, անգամ Էրազմուսի ծրագրով սովորելու մեկնող ուսանողներն ունեն մեկնելու հետ կապված խնդիրներ: Մենք էլ ստանում ենք բազմաթիվ բողոքներ քաղաքացիներից: Եվս մեկ անգամ փորձում ենք ակտիվացնել մեր աշխատանքները, և մեծ հույս ունենք, որ մինչև եվրոպական ընտրությունները՝ այս տարի կունենանք առաջընթաց այս հարցում»,- ասել է փոխնախարարը:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանն անդրադարձել է ՀՀ-ԵՄ առևտրաշրջանառության զգալի  աճին՝ նշելով, որ  2022 թվականի համեմատ այն  աճել է շուրջ 17.1 տոկոսով՝ կազմելով   2.7 մլրդ դոլար: «Կարո՞ղ ենք արդյոք այս դինամիկան պահել և զարգացնել առաջիկա տարիներին»,- հարցրել է նա: Պարույր Հովհաննիսյանի խոսքով ԵՄ անդամ գրեթե բոլոր երկրների հետ նկատելի է առևտրի զգալի աճ, ինչը բացատրվում է մի քանի գործոններով:  Նա հայտնել է, որ ջանքեր են գործադրվում՝ պահելու այդ շարժունությունը: Մասնավորապես, ստեղծվելու են մի շարք նոր ձևաչափեր և քայլեր, որոնք նպատակ ունեն պահելու և զարգացնելու առևտրաշրջանառությունը ԵՄ երկրների հետ:

  • Կիսվել: