կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
2016-ի օգոստոսին արձանագրվում է, որ քանի որ ամբողջը զրոյից ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն է որոշելու, այն կարգավիճակը, որ ունի ԼՂ-ն, զրոյացվելու է. Փաշինյան

2016-ի օգոստոսին արձանագրվում է, որ քանի որ ամբողջը զրոյից ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն է որոշելու, այն կարգավիճակը, որ ունի ԼՂ-ն, զրոյացվելու է. Փաշինյան

1996 թվականի Լիսաբոնի գագաթնաժողովը, որն արտահայտվում է նախագահողի հայտարարությամբ, արձանագրում է հետևյալը. Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի ինքնորոշման իրավունքի իրացմամբ, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում պետք է ստանա ինքնավարություն: Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «1993 թվականին ընդունվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, որտեղ մի քանի արձանագրումներ են արվել. ըստ արձանագրումների` Լեռնային Ղարաբաղն այդ բանաձևերով համարվել է Ադրբեջանի տարածք: Այդպես էլ գրված է՝ Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան:

Երկրորդը՝ ուժի կիրառմամբ իրականացված ձեռքբերումները համարվել են ապօրինի: Արձանագրվել է սահմանների անխախտելիության և Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը:

1994 թվականին գալիս է հրադադարը, և սկսվում է բանակցային գործընթացը: 1996 թվականին տեղի է ունենում ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովը: Այս ընթացքում Լեռնային Ղարաբաղի հարցի հայեցակարգը դրված է ինքնորոշման իրավունքի վրա:

1996 թվականի Լիսաբոնի գագաթնաժողովը, որն արտահայտվում է նախագահողի հայտարարությամբ, արձանագրում է հետևյալը. ասում է՝ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի ինքնորոշման իրավունքի իրացմամբ, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում պետք է ստանա ինքնավարություն: Այսինքն՝ 1996 թվականի Լիսաբոնի գագաթնաժողովի արդյունքներով միջազգային հանրությունն ասել է, թե ինչ է նշանակում ինքնորոշման իրավունքը Լեռնային Ղարաբաղի պարագայում:

«Հիմա, ինչո՞ւ եմ ասում, որ 2018 թվականի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ Լեռնային Ղարաբաղում պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր: Ինչո՞ւ, որովհետև ասում եմ, որ 2016 թվականի օգոստոսին բանակցային գործընթացում, 2016 թվականի ապրիլյան 4-օրյա պատերազմից հետո, օգոստոսին բանակցային բովանդակության մեջ հայտնվում է երրորդ փաստաթուղթը, որը հետևյալի մասին է մեր թեմայի արձանագրմամբ, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ խորհրդակցելով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի, Հայաստանի, Ադրբեջանի և ԵԱՀԿ պաշտոնյաների հետ, կորոշի այն եղանակները, որոնց միջոցով Լեռնային Ղարաբաղը սեփական կյանքը պետք է կազմակերպի: Եվ սա կլինի Լեռնային Ղարաբաղի ճանաչված կարգավիճակը մինչև վերջնական կարգավիճակի որոշումը:

Իսկ ի՞նչ կարիք կար, որ այս փաստաթուղթը ստեղծվի: Խնդիրն այն է, որ Ադրբեջանը և փաստորեն Ադրբեջանի հետ նաև մյուս համանախագահողներն արձանագրել էին, որ Կազանյան այն դրույթը, որ Լեռնային Ղարաբաղն ստանում է միջանկյալ կարգավիճակ, ինքը հայկական կողմի ընկալումներով չի կարող արտահայտվել: Ո՞րն էր Կազանում հայկական կողմի ընկալումը, որ Լեռնային Ղարաբաղը, որը 2011 թվականի դրությամբ գոյություն ուներ, ստանում է միջանկյալ կարգավիճակ: Այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի եղած կարգավիճակն արձանագրվում է որպես միջանկյալ կարգավիճակ: Այն, ինչ կա՝ Լեռնային Ղարաբաղի ստատուս քվոն, արձանագրվում է որպես միջանկյալ կարգավիճակ: Ադրբեջանը սա մերժում է, և 2016 թվականին, քանի որ Մադրիդյան սկզբունքներում կա միջանկյալ կարգավիճակի գաղափարը, ի հայտ է գալիս այս փաթեթում երրորդ փաստաթուղթը, որը հասցեագրում է Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի հարցը:

Այստեղ ի՞նչն է փոխվել այս ընթացքում: Փոխվել է հետևյալը, որ եթե Կազանի տրամաբանությունն այն է, որ Լեռնային Ղարաբաղի այս իրավիճակն արձանագրվում է որպես միջանկյալ կարգավիճակ, 2016 թվականի օգոստոսին արձանագրվում է, որ պետք է գնանք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, այնտեղ քննարկենք, թե Լեռնային Ղարաբաղն իր կյանքը ոնց պետք է կազմակերպի, և դա է լինելու միջանկյալ կարգավիճակը: Այսինքն՝ սա ենթադրում է, քանի որ ամբողջը զրոյից ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն է որոշելու, այն կարգավիճակը, որ ունի Լեռնային Ղարաբաղը, զրոյացվելու է, և ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նոր եղանակներ, մեթոդներ և մեխանիզմներ է արձանագրելու, թե ինչպես է Լեռնային Ղարաբաղն իր կյանքը կազմակերպելու՝ խորհրդակցելով Ադրբեջանի, Հայաստանի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի և մի շարք սուբյեկտների հետ»:

Վարչապետն ասաց, որ երկու մեծ առավելություն էին նշում Մադրիդյան սկզբունքները հրապարակ բերողները:

«Առաջինը՝ ԼՂ կարգավիճակը կորոշվի կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում կայանալիք հանրաքվեում: Սա թվում է, թե շատ լավ բան է: Բայց այս դրույթն Ադրբեջանն օգտագործեց, իմիջիայլոց՝ այս դրույթն Ադրբեջանին դրա համար էր պետք, 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեն և Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակումն ու հանրաքվեն զրոյացնելու համար, որովհետև եթե կարգավիճակը պետք է տեղի ունենա ապագայում կայանալիք հանրաքվեում, նշանակում է նախկինում կայացած հանրաքվեով չի արձանագրվել այդ կարգավիճակը:

Երկրորդը՝ Մադրիդյան սկզբունքներով արձանագրված միջանկյալ կարգավիճակի դրույթն Ադրբեջանին պետք էր, և նա օգտագործեց: Տեսեք, ասում է՝ Լեռնային Ղարաբաղն ստանում է միջանկյալ կարգավիճակ: Ադրբեջանը հանրաքվեի դրույթն օգտագործեց 1991 թվականի կարգավիճակային վիճակը զրոյացնելու համար: Իսկ միջանկյալ կարգավիճակն օգտագործեց, որպեսզի Ղարաբաղի այդ օրվա կարգավիճակը զրոյացնի՝ տանելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ զրոյից սկսելու համար: Իսկ ինչո՞ւ պիտի զրոյից սկսվի, հարց կարող է առաջանալ, որովհետև Մադրիդյան սկզբունքներում արձանագրվել է, որ Լեռնային Ղարաբաղի բոլոր պրոցեսներում ինչքան իրավունքներ ունեն հայերը, այնքան իրավունքներ էլ ունեն ադրբեջանցիները: Եթե խոսքը գնում է Լեռնային Ղարաբաղի կյանքի կազմակերպման մասին, ուրեմն այդ կյանքի կազմակերպումը վերաբերում է ոչ միայն հայերին, այլև ադրբեջանցիներին»,-ասաց Նիկոլ Փաշինյան:

  • Կիսվել: