շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ռուսաստանը փորձում է պաշտպանել Սեւծովյան նավատորմը ուկրաինական գրոհներից. ISW

Ռուսաստանը փորձում է պաշտպանել Սեւծովյան նավատորմը ուկրաինական գրոհներից. ISW

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մտադիր է պաշտպանել Սեւծովյան նավատորմն ուկրաինական հարվածներից եւ, հավանաբար, այդ ջանքերի շրջանակում փոխել է նավատորմի հրամանատարին, գրել է Պատերազմի ուսսումնասիրման ամերիկյան ինստիտուտը (ISW) հերթական ամփոփագրում։

Մարտի 17-ին գերատեսչությունը տեղեկացրել է, որ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այցելել է Սեւծովյան նավատորմի հրամանատարական կետ օկուպացված Սեււաստոպոլում, որտեղ լսել է զեկույցներ ուկրաինական գործողությունների եւ նավատորմի մասին։

Շոյգուն հայտնել է, որ Սեւծովյան նավատորմը պետք է ամեն օր զորավարժություններ անցկացնի օդից եւ ծովից դրոնների գրոհները հետ մղելու համար, որպեսզի բոլոր ռուսական անձնակազմերը պատրաստ լինեն այդ հարվածներից պաշտպանվելուն։ Շոյգուն հրամայել է լրացուցիչ սպառազինություններ տեղակայել, ներառյալ խոշոր տրամաչափի համակարգերն ու գնդացիրները։

Շոյգուն նաեւ լսել է փոխծովակալ Սերգեյ Պինչուկի զեկուցումը, որը, ըստ որոշ ռուսական աղբյուրների, վերջերս փոխարինել է ծովակալ Վիկտոր Սոկոլովին Սեւծովյան նավատորմի հրամանատարի պաշտոնում։ ISW-ի փորձագետները գրում են, որ չեն կարող հաստատել այս տվյալները։ Ուկրաինական գրոհները ստիպել են նավատորմին վերատեղակայել ուժերի մեծ մասը Սեւաստոպոլի գլխավոր կայանից ավելի փոքր կայաններ Նովոռոսիյսկում եւ այլ վայրերում, իսկ Ուկրաինայի Զինված ուժերի ռազմավարական հաղորդակցությունների կենտրոնը տեղեկացրել է, որ փետրվարի սկզբի դրությամբ ուկրաինական հարվածները շարքից հանել են Սեւծովյան նավատորմի մարտական նավերի մոտ 33 տոկոսը, ներառյալ 24 նավ եւ մեկ սուզանավ։

Շոյգուի դիրքորոշումը Սեւծովյան նավատորմի պաշտպանության հարցում պայմաններ է ստեղծում այն բանի համար, որպեսզի նախարարը կամ իրեն վերագրի արժանիքը, եթե նավատորմը ավելի արդյունավետ դառնա ուկրաինական հարվածներից պաշտպանվելիս, կամ էլ մեղադրի այլ հրամանատարների՝ անհաջողության դեպքում, կարծում են ISW-ում։

  • Կիսվել: