շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Էրդողանը Վաշինգտոնում քննադատեց Հայաստանին՝ ցուցադրելով պատմությունից իր տգիտությունը

Էրդողանը Վաշինգտոնում քննադատեց Հայաստանին՝ ցուցադրելով պատմությունից իր տգիտությունը

Պատմության կեղծումը հանուն կոնյուկտուրային քաղաքական շահերի անթւոյլատրելի է: Նման հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ԱՄՆ Մերիլենդ նահանգի կրոնական կենտրոնում:

Միևնույն ժամանակ թուրք առաջնորդը վճռականորեն դատապարտել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը:

«Քաղաքական նպատակներով պատմության կեղծումը Թուրքիայի դիրքորոշման վրա որևէ կերպ չեն ազդի: Անկարան ավելի վաղ բարի կամք է դրսևորել՝ առաջարկելով Երևանին բացել բոլոր արխիվները պատմաբանների, հնագետների և քաղաքագետների համար: Մենք կարող ենք փորձագետների համատեղ հանձնաժողովում ներառել երրորդ երկրներից ներկայացուցիչների, ինչն արդյունքում այս ամենին վերջակետ կդնի»,-հայտարարել է Էրդողանը, որի խոսքերը մեջբերել է Անադոլու գործակալությունը:

Թուրքիայի նախագահը նշել է, որ միայն Թուրքիայի Ալխավոր շտաբի արխիվում պահվում է ավելի քան մեկ միլիոն փաստաթուղթ՝ Օսմանյան կայսրության վերջին տարիներով թվագրվող՝ մոռանալով ասել, որ Երևանի Հայոց ցեղասպանության թանգարանում-ինստիտուտում բավականաչափ ապացույցներ կան երիտթուրքերի այն ժամանակվա վայրագությունների մասին, և այդ փաստաթղթերը գաղտնազերրծման կարիք չունեն, որովհետև բաց են թանգարանի բոլոր այցելուների համար:

«Մենք հստակ քաղաքական կամք ենք դրսևորել, սակայն Հայաստանն ու հայկական սփյուռքը մերժեցին իրենց արխիվների բացումը: Ինչու՞, որովհետև քաջ գիտակցում են, որ հանձնաժողովը այնպիսի եզրակացության չի հանգի, որն իրենց ձեռնտու կլինի»,-վստահեցրեց թուրքական առաջնորդը՝ չգիտես ինչու համոզված լինելով, թե ինչ եզրակացության կհանգեն պատմաբանները՝ համատեղ հանձնաժողով ստեղծելու դեպքում, ինչպես նաև կրկին արհամարհելով այն հանգամանքը, որ Հայոց ցեղասպանության փաստը արդեն ընդունված է մի քանի տասնյակ պետությունների, միջազգային կազմակերպությունների, առանձին նահանգների, քաղաքների և տարբեր մայրցամաքների շրջանների կողմից:

Էրդողանը նշեց, որ միայն համատեղ հանձնաժողովի եզրակացությունը կարող է դառնալ հիմք՝ գնահատականների և դատողությունների համար: «Մնացած այլ քայլերն Անկարայի կողմից ընկալվում են որպես քաղաքականապես մոտիվացված և կանխակալ, և կարհամարհվեն Թուրքիայի կողմից»,-ասաց նախագահը: Իսկ այն բանի համար, որպեսզի ավելի վստահելի լինի, Էրդողանն ավելի հեռու գնաց՝ անվանելով հայերին քոչվորներ, իսկ Հայաստանը՝ երիտասարդ պետություն՝ ստեղծված ընդամենը 1991 թ.՝ այդ կերպ, հավանաբար, փորձելով արդարացնել Արևմտյան Հայաստանի (ներկայիս Արևելյան Թորքիան-խմբ.) ողջ տարածքի էքսպանսիան: «Մինչ այդ ժամանակաշրջանը հայերը տեղափոխվում էին մի տեղից մյուսը: Թուքրիայի տարածքում հայերը նույնպես անընդհատ փոխում էին իրենց բնակավայրերը: Դրանից հետո հարկադիր վերաբնակեցման մասին որոշում է կայացվել: Այսօր Թուրքիայում մոտ 100 հազար հայ կա, որոնցից 60 հազարը Թուրքիայի քաղաքացիներ են, մնացածներն այստեղ աշխատողներ են»,-ասաց նախագահը:

Էրդողանի խոսքերով՝ Թուրքայի իշխանությունները չեն արտաքսում տասնյակ հազարավոր անօրինական աշխատողներին Հայաստանից՝ ելնելով հումանիստական նկատառումներից: «Մենք կարող էինք Հայաստան վերադարձնել իրենց երկրի 40 հազար քաղաքացիների, բայց չենք անում այդ բանը: Դա թուրք ժողովրդի հումանիստ լինելու ցուցիչն է: Սակայն Երևանում չեն ցանկանում տեսնել դա: Հայաստանը չի վավերացրել թուրք-հայկական 2009 թ. Արձանագրությունները, իսկ հայկական հարուստ սփյուռքը շարունակում է ստեր տարածել Թուրքիայի մասին»,- չէր հանգստանում Թուրքիայի նախագահը:

Նա չշրջանցեց նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը՝ անվանելով այն սկանդալային և հավաստիացնելով, որ այն ընդունվել է հայկական լոբբիի և հակաթուրքական շրջանակների ազդեցությամբ, այդ թվում և՝ Ֆեթուլլահ Գյուլենի «ահաբեկչական կազմակերպության»:

«Ցավոք, 1915 թ. իրադարձությունների թեման փորձում են օգտագործել որպես որոշակի քաղաքական ռևանշ: Բանաձևի տեքստը ոչ մի ընդհանրություն չունի պատմական իրականության հետ: Նման փաստաթղթերի հեղինակներն ու կողմնակիցները վաղ թե ուշ կգիտակցնե, որ նման քայլերը չեն կարող ազդեցություն ունենալ Անկարայի դիրքորոշման վրա»,-ամփոփեց Էրդողանը:

  • Կիսվել: