շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Բուրկինա Ֆասոյում հարձակվել են մզկիթի ու կաթոլիկ եկեղեցու վրա. կան զոհեր

Բուրկինա Ֆասոյում հարձակվել են մզկիթի ու կաթոլիկ եկեղեցու վրա. կան զոհեր

Բուրկինա Ֆասոյի արևելքում փետրվարի 25-ին զինյալները հարձակվել են մզկիթի վրա` սպանելով մի քանի տասնյակ մարդկանց, և նույն օրը 15 հոգի զոհվել է Բուրկինա Ֆասոյի հյուսիսում գտնվող կաթոլիկ եկեղեցու վրա հարձակման ժամանակ, տեղեկացնում է VOA Africa պարբերականը։

Նշվում է, որ  Նատիաբոանիում զինված անձինք մզկիթի վրա հարձակվել են կիրակի վաղ առավոտյան։ Նրանք կրակել են մզկիթում հավաքվածների վրա, որոնք եկել էին աղոթելու։ Հարձակման տասնյակ զոհերը հիմնականում տղամարդիկ են։

Փետրվարի 25-ին կիրակնօրյա ժամերգության ժամանակ երկրի հյուսիսում՝ Մալիի և Նիգերի սահմանին գտնվող Իսաքան գյուղում, սպանվել է 15 մարդ։

Բացի այդ՝ կիրակի օրը Բուրկինա Ֆասոյի արևելքում և հյուսիսում հարձակումների են ենթարկվել նաև մի քանի մարտական ջոկատներ։

Պարբերականը, հղում անելով անվտանգության ուժերում իր աղբյուրին, նշում է, որ մի քանի հարյուր «ահաբեկիչներ չեզոքացվել են» հարձակումներից հետո իրականացված գործողությունների ընթացքում։

 

  • Կիսվել: