կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Անլեգալ հարկադիր աշխատանքը մասնավոր հատվածում տարեկան 236 մլրդ դոլար է բերում. ՄԱԿ

Անլեգալ հարկադիր աշխատանքը մասնավոր հատվածում տարեկան 236 մլրդ դոլար է բերում. ՄԱԿ

Մասնավոր հատվածում հարկադիր աշխատանքի օգտագործումից ստացվող անօրինական եկամուտներն աշխարհում 2014-ից ավելացել են 37 տոկոսով՝ հասնելով տարեկան 236 մլրդ դոլարի։ Այսպիսի տվյալներ են ներկայացված Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ, ՄԱԿ մասնագիտացված հաստատություն) զեկույցում։

«Հարկադիր աշխատանքը մասնավոր հատվածում տարեկան 236 մլրդ դոլար անլեգալ շահույթ է բերում,- նշվել է փաստաթղթում։- Հարկադիր աշխատանքից անօրինական եկամուտների ընդհանուր ծավալը ավելացել է 64 մլրդ դոլարով (2014-ից ի վեր) կամ 37 տոկոսով»։ Այս աճը պայմանավորված է ինչպես «հարկադիր աշխատող մարդկանց թվի ավելացմամբ, այնպես էլ զոհերի շահագործումից ստացվող ավելի բարձր եկամուտներով», նշել են ԱՄԿ-ում։

Փորձագետները եկել են այն եզրակացության, որ «մարդկանց առեւտրով զբաղվողները եւ հանցագործները մոտ 10 հազար դոլար են աշխատում մեկ զոհից» 10 տարի առաջվա 8,2 հազարի դիմաց։

Ամենաբարձր տարեկան անլեգալ եկամուտները ստացվում են Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում (84 մլրդ դոլար)։ Հետո գալիս են Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը (62 մլրդ), Ամերիկան (52 մլրդ), Աֆրիկան (20 մլրդ) եւ արաբական երկրները (18 մլրդ)։

Զեկույցում նշվում է, որ «հարկադիր կոմերցիոն սեռական շահագործումը կազմում է անօրինական եկամուտների ընդհանուր ծավալի ավելի քան երկու երրորդը (73 տոկոս)»։ Դրան բաժին է ընկնում հարկադիր աշխատանքի զոհերի ընդհանուր թվի 27 տոկոսը։ Արդյունաբերությունում ստացվում է 35 մլրդ դոլարի շահույթ հարկադիր աշխատանքի օգտագործումից։ Դրան հաջորդում են ծառայությունները (20,8 մլրդ), գյուղատնտեսությունը (5 մլրդ) եւ ընտանեկան աշխատանքը (2,6 մլրդ)։ Այդ անօրինական շահույթը աշխատավարձ կարող էր լինել, որը պետք է վճարվեր աշխատողներին, բայց դրա փոխարեն մնում է շահագործողների մոտ՝ հարկադրանքի հետեւանքով, նշել են զեկույցի հեղինակները։

Փորձագետների գնահատականներով՝ 2021թ. հարկադիր աշխատանքով ամեն օր զբաղվել է 27,6 մլն մարդ։ 2016-2021թթ. հարկադիր աշխատանքի մեջ ներգրավված մարդկանց թիվը ավելացել է 2,7 մլն-ով։

  • Կիսվել: