շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ԱՄՆ-ն կարող է առաջիկա օրերին ATACMS հրթիռներ մատակարարել Կիևին

ԱՄՆ-ն կարող է առաջիկա օրերին ATACMS հրթիռներ մատակարարել Կիևին

 Ուկրաինան կարող է ԱՄՆ-ից զենքի նոր խմբաքանակ ստանալ արդեն «մինչև շաբաթվա վերջը»: Այս մասին ԱՄՆ Կոնգրեսի Սենատի հետախուզության կոմիտեի ղեկավար Մարկ Ուորներն ապրիլի 21-ին հայտարարել է CBS հեռուստաալիքի եթերում։

Օգնության փաթեթը, ի թիվս այլ բաների, ներառում է գործողության հեռահար շառավղով ATACMS հրթիռներ, որոնք կարող են թիրախներ խոցել մինչև 300 կիլոմետր հեռավորության վրա: Ըստ Ուորների՝ զենքերը կառաքվեն «հենց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրի օրինագիծը»։

Ըստ Deutsche Welle-ի ռուսական ծառայության՝ ամերիկյան Atlantic Council վերլուծական կենտրոնի գիտաշխատող Փիթեր Դիքինսոնն արձանագրում է, որ ATACMS հրթիռները «Ուկրաինային թույլ կտան թիրախներ խոցել Ռուսաստանի կողմից օկուպացված երկրի բոլոր շրջաններում»։ Այլ վերլուծաբանների խոսքով՝ ATACMS-ը հատկապես արդյունավետ է այնպիսի թիրախների հարվածելու համար, ինչպիսիք են ինքնաթիռները թռիչքարաններում, ՀՕՊ համակարգերը, նավթավերամշակման գործարանները, բեռնատար ավտոմեքենաներով լոգիստիկ կենտրոնները:

Վերլուծաբաններն այն կարծիքին են, որ Կիևի կողմից հեռահար հրթիռների նոր խմբաքանակ ստանալը կարող է ստիպել ՌԴ-ի հրամանատարությանը ռազմակայաններն ու հրամանատարական կետերը հեռացնել առաջնագծից, ինչն, իր հերթին, կթուլացնի Ռուսաստանի վերահսկողության տակ անցած տարածքների պաշտպանությունը։

  • Կիսվել: