շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վարչապետին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոն՝ կառույցի 2023 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:

«Էնթերփրայզ Արմենիայի» գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը և կենտրոնի ներկայացուցիչները զեկուցել են հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքների մասին:

Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ պատուհան» սկզբունքով օտարերկրյա և տեղացի ներդրողներին ներդրումներ իրականացնելու գործընթացներում ուղեկցման, Հայաստանում գործող օտարերկրյա ներդրողների հետներդրումային սպասարկման և Հայաստանի ներդրումային հնարավորությունների առաջմղման ու նոր օտարերկրյա ներդրումների ներգրավման ուղղություններով իրականացված աշխատանքները:

Մասնավորապես՝ նշվել է, որ 2023 թվականի ընթացքում կենտրոն են դիմել ավելի քան 410 օտարերկրյա և հայաստանյան ներդրողներ: Աշխատանքներ են տարվել 140-ից ավելի ներդրումային նախաձեռնությունների ուղղությամբ, որոնցից 60-ը միայն ներգրավվել են 2023 թվականի ընթացքում: Հաշվետու տարում Հիմնադրամի աջակցությամբ մեկնարկել են 24 նոր ներդրումային ծրագրեր, որոնցից նախատեսվող ներդրումների ծավալը շուրջ 800 միլիոն դոլար է: Ըստ պատասխանատուների, 2020 թվականից՝ կենտրոնի հիմնումից ի վեր, վերջինիս աջակցությամբ մեկնարկել են ընդհանուր առմամբ 51 ներդրումային ծրագրեր, որոնց ծավալը հասնում է 1 մլրդ 140 մլն դոլարի:

Վարչապետը հետաքրքրվել է, թե  առարկայական՝ ինչպես և ինչով է կենտրոնն օգնել ներդրողներին: Պատասխանատուները նշել են, որ կենտրոնն աջակցել է բոլոր վարչարարական խնդիրների լուծմանը, մասնավորապես՝ օգնել է համայնքի հետ հարաբերությունների, փորձաքննության իրականացման, շինթույլտվության և այլ հարցերում:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի այն հարցին՝ դա նշանակում է, որ ներդրողներն այդ հարցերով չե՞ն զբաղվել և այլ օղակների չե՞ն դիմել, պատասխանատուները նշել են. «Մյուս օղակների հետ ընդհանրապես չեն շփվել, բոլոր հարցերով մենք են զբաղվել»:

Վարչապետը կարևորել է այդ սկզբունքը և նշել. «Այստեղ գաղափարաբանությունը հենց այդ է, որ ուրիշ օղակի հետ պոտենցիալ ներդրողները չշփվեն: Այսինքն՝ այդ «one stop shop»-ի իմաստն այն է, որ ինքը գա, ծառայություն ստանա, կենտրոնը թեկուզ 100 հիմնարկի հետ պետք է շփվի, այդ 100 հիմնարկի հետ շփումը, այդ գործառույթն իրականացնի»:

Զեկուցվել է նաև, որ կենտրոնի կողմից հետներդրումային սպասարկման ծառայություն ներկայումս տրամադրվում է 166 ընկերության, որոնցից 51-ի հետ աշխատանքը մեկնարկել է նախորդ տարի: Այդ ընկերությունները գործունեություն են ծավալում բարձր տեխնոլոգիաների, ծառայությունների, արտադրության և այլ ոլորտներում: Տվյալ ծառայության շրջանակում առկա են 43.7 միլիոն դոլար ծավալով 9 վերաներդրումային նախաձեռնություններ:

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է ներդրողների համար անհրաժեշտ տեղեկությունները մի հարթակում ներկայացնելու անհրաժեշտությունը. «Ներդրողի համար մի տեղեկություն այստեղ է, մի տեղեկություն այնտեղ, մի տեղեկություն՝ երրորդ, մի տեղեկություն՝ չորրորդ տեղում: Այսինքն, եթե մենք կարողանանք գեոպորտալի հնարավորություններն օգտագործել, դա հասանելի դարձնել, որ պոտենցիալ ներդրողն իմանա իրեն անհրաժեշտ ավելի շատ տեղեկություններ կստանա այդտեղից՝ ի՞նչ գույք է վաճառվում, մոտակայքում ինչ ճանապարհ կա՞,  թե՞ չկա, էլեկտրական հոսանքի գծեր կա՞ն, թե՞ չկան և այլն: Պետք է ինչ-որ ձևով, գուցե գեոպարտալն է ճիշտ տեղը, որտեղ այդ բոլոր տեղեկությունները գան և իրար հետ խաչվեն, որպեսզի հասանելիությունը մեծանա»

Անդրադարձ է կատարվել ՀՀ ներդրումային դաշտի առաջմղմանն ուղղված միջոցառումներին, որոնց թվում կազմակերպվել են ներդրումային համաժողովներ, գործարար ֆորումներ, այդ թվում՝ արտերկրում:

Տեղեկացվել է, որ հիմնվել է «Էնթերփրայզ Արմենիա»-ի նոր կայքը, որտեղ տարբեր լեզուներով մանրամասն տեղեկատվություն է առկա Հայաստանում ներդրումների իրականացման հնարավորությունների, ներդրողներին աջակցություն տրամադրելու վերաբերյալ: 

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև համակարգային բնույթի խնդիրների վերաբերյալ կենտրոնի ներկայացրած օրենսդրական առաջարկություններին և հարցրել, թե դրանցից քանիսն են, որ արդեն դարձել են ուժի մեջ մտած իրավակարգավորումներ:

Նշվել է, որ առկա է նման երկու իրավական ակտ: Մեկը վերաբերել է  «Օտարերկրացիների մասին ՀՀ օրենքում լրացում կատարելուն, մյուսը՝ «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» պետական աջակցության ծրագրին: : Նշվել է, որ ի սկզբանե մշակված նախագծում նախատեսվում էր, որ ներդրողը պետք է ներկայացնի բանկային երաշխիք իր կողմից ակնկալվող ամբողջ ներդրումների ծավալի մասով, երաշխիքը պետք է ներկայացվեր դիմումին կից: Նոր առաջարկությամբ ներդրողը պետք է երաշխիքը ներկայացնի կառավարության որոշման հաստատումից հետո, և այն լինի ենթակառուցվածքի ծավալի չափով:

Վարչապետը ծանոթացել է նաև Հայաստանի՝ որպես ներդրումային գրավչությամբ առանձնացող երկրի առաջմղման, օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավման և կենտրոնի կողմից մատուցվող ծառայությունների թվայնացման ուղղությամբ 2024 թվականին նախատեսվող աշխատանքներին: Տեղեկացվել է, որ նախատեսվում է հիմնել մարզային ներդրումային թվային քարտեզ-պորտալ, սոցիալ-տնտեսական ինդեքսների և ռեյթինգների համեմատական պորտալ: Ներդրվելու է նաև կայքի միջոցով շահառուների սպասարկումն արհեստական բանականության կիրառմամբ գործիք:

  • Կիսվել: