չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ինչ ունեցվածք ունի ՏԿԵ նախարարի երիտասարդ տեղակալ Արմեն Սիմոնյանը․ «Ժողովուրդ»

Ինչ ունեցվածք ունի ՏԿԵ նախարարի երիտասարդ տեղակալ Արմեն Սիմոնյանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի երիտասարդ տեղակալ Արմեն Սիմոնյանը, որ պաշտոնի նշանակվել է 2019 թվականին, բացի փոխնախարարի վարձատրությունից, 2022 թվականին ստացել է 15 հազար 600 եվրո եւ 2020-ին ստացել է 31 հազար 200 եվրո վարձատրություն:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է հասկանալ՝ ինչ աղբյուրից է փոխնախարարը եկամուտ ստացել։

Հեղափոխական թիմի կողմից նշանակված երիտասարդ փոխնախարարը, ում կենսագրական տվյալներում միայն կրթության մասին է նշված, հասցրել է մեծ ունեցվածք կուտակել, մասնավորապես՝ նրա բանկային ավանդները տարեսկզբին կազմել են 5 մլն 900 հազար դրամ, տարեվերջին դրանք զրոյացել են։ Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 6 հազար եվրո եւ 686 հազար դրամ։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են 400 դոլար, 800 հազար ՀՀ դրամ, 8 հազար եվրո եւ 1 մլն 200 հազար ռուբլի։ Նախարար Գնել Սանոսյանի տեղակալ Սիմոնյանն ունի եկամտի հիմնական 2 աղբյուր, երկուսն էլ աշխատանքի վարձատրություն է ՀՀ ՏԿԵ նախարարությունից՝ 14 մլն 426 հազար դրամ, եւ «ՏՐԱՍԵԿԱ»-ից՝ 15 հազար 600 եվրո։

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկանալ, թե փոխնախարարը «ՏՐԱՍԵԿԱ»-ում ինչ գործառույթներ ունի, որի համար ստանում է աշխատանքի վարձատրություն։ Ի պատասխան՝ ՏԿԵ նախարարությունից մեզ պատասխանեցին.

«Արմեն Սիմոնյանը հանդիսանում է «ՏՐԱՍԵԿԱ» միջկառավարական հանձնաժողովի ազգային քարտուղարը, եւ դա ենթադրում է նաեւ վարձատրություն։ Իսկ դա բխում է ՀՀ կողմից վավերացված «Եվրոպա-Կովկաս-Ասիա միջանցքի զարգացմանն ուղղված միջազգային տրանսպորտի մասին հիմնական բազմակողմ համաձայնագրի կողմերի կառավարությունների միջեւ «ՏՐԱՍԵԿԱ» միջկառավարական հանձնաժողովի մշտական քարտուղարության (ՏՐԱՍԵԿԱ ՄՀ ՄՔ) համատեղ ֆինանսավորման մասին» համաձայնագրի 3-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներից:

«ՏՐԱՍԵԿԱ» միջկառավարական հանձնաժողովի բյուջեն ձեւավորվում է անդամ-երկրների անդամավճարներից եւ հաստատվում է ամեն տարվա համար: ՀՀ վարչապետի՝ 2019 թվականի սեպտեմբերի 16-ի 1311-Ա որոշմամբ՝ Արմեն Սիմոնյանը նշանակվել է «ՏՐԱՍԵԿԱ» միջանցքի զարգացման հանձնաժողովի քարտուղար»:

Միջկառավարական հանձնաժողովից Սիմոնյանը 2020 թվականին եւս ստացել է գումար՝ աշխատանքի վարձատրություն, սակայն այս դեպքում այն կազմել է 31 հազար 200 եվրո»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: