երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Սուբվենցիոն ծրագրերով Արմավիրում շարունակական կերպով կենսական նշանակության խնդիրներ են լուծվում

Սուբվենցիոն ծրագրերով Արմավիրում շարունակական կերպով կենսական նշանակության խնդիրներ են լուծվում

Արմավիրի մարզում սուբվենցիոն ծրագրերով շինարարություն է ընթանում ընդհանուր առմամբ 175 օբյեկտում, իսկ իրականացվող աշխատանքները վերաբերում են տարբեր ենթակառուցվածքների բարելավմանը, ինչի արդյունքում տարբեր բնակավայրերում, մեծ մասը՝ գյուղական, կենսական նշանակության խնդիրներ կլուծվեն։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը։

«Անցած տարվա աշխատանքների մի մասն ավարտվել է, որոշներն, օրացուցային գրաֆիկից կախված, տեղափոխվել են 2024 թվական։ Սրան գումարվել են նաև շուրջ 10 միլիարդ դրամ ծավալով 2024 թվականի սուբվենցիոն ծրագրերը, որոնք ևս ընդգրկում են տարբեր ուղղվածությամբ աշխատանքներ՝ կախված համայնքների առաջնահերթություններից»,-մանրամասնեց Խուդաթյանը։

Նրա խոսքով՝ չնայած սուբվենցիոն ծրագրերով հատկացված գումարը նախորդ տարվա համեմատ մի փոքր նվազել է, սակայն աշխատանքների ծավալը շատ ավելին է, քան 2023 թվականին, քանի որ այլ ծրագրերով մեծածավալ աշխատանք է իրականացվում։ Մասնավորապես, բազմաթիվ ծրագրեր կան միայն պետական բյուջեի ֆինանսավորմամբ, որոնք իրականացվում են և՛ Ճանապարհային դեպարտամենտի, և՛ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի և՛ Քաղաքաշինության կոմիտեի պատվերով։

Ըստ մարզպետի՝ սուբվենցիոն ծրագրերով հատկացվող ֆինանսական միջոցների չափը տարեցտարի որոշակիորեն ավելանում է, իսկ 2019 թվականի համեմատ այն մի քանի տասնյակ անգամ աճել է և ընդգրկում է ավելի շատ ծրագրեր ու ենթածրագրեր։

Պայմանավորված համայնքների կողմից սեփական կարիքների գնահատմամբ, այնուհետև նաև միջգերատեսչական հանձնաժողովի հաստատմամբ` սուբվենցիոն ծրագրերն իրականացվել են ինչպես գյուղատնտեսական, այնպես էլ այլ ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ։

«Մասնավորապես, գյուղական բնակավայրերում շատ են նախադպրոցական ուսումնական հաստատությունների շենքային պայմանների բարելավման ծրագրերը։ Խոսքն առաջին հերթին մանկապարտեզների կառուցման, հիմնանորոգման, շատ դեպքերում նաև կահավորման և բակային հատվածի բարեկարգման մասին է։ Մեծ ծավալ են կազմում նաև խմելու ջրի գծերի արդիականացման և ոռոգման ցանցի ընդլայնման աշխատանքները։ Ունենք նաև ճանապարհաշինությանն ուղղված բազմաթիվ ծրագրեր՝ հիմնականում քաղաքային բնակավայրերում, ինչպես նաև զբոսայգիների կառուցմանը, բարեկարգմանն ուղղված ծրագրեր»,-ներկայացրեց Խուդաթյանը՝ ավելացնելով, որ, օրինակ, մարզի Արաքս համայնքում էլ մեկնարկել է երեք գյուղերի գազամատակարարման ցանցի ընդլայնման աննախադեպ ծրագիր։ Հատկանշական է, որ այդ բնակավայրերը նախկինում երբեք գազաֆիկացված չեն եղել։

Մարզպետի գնահատմամբ՝  սա մարզում այս տարի իրականացվող ամենակարևոր ծրագրերից է, որովհետև  բացի տներից, գազամատակարարումը հնարավորություն կընձեռի նաև ջերմատներում ջեռուցում ապահովել, ինչն ավելի մրցունակ կդարձնի այդ բնակավայրերի գյուղատնտեսական արտադրանքը։

Արմավիրի, մարզում, ըստ մեր զրուցակցի, ճանապարհաշինական աշխատանքները համեմատաբար ավելի մեծ ծավալով և պետական բյուջեի ֆինանսավորմամբ ընթանում են  Հայաստանի ճանապարհային դեպարտամենտի միջոցով։ Այս ծրագրով արդեն գրեթե  ամբողջությամբ վերանորոգվել է Արմավիր-Երևան մայրուղին։ Եվս մի փոքր հատվածի վերանորոգումը կիրականացվի այս տարի։

«Ունենք նաև ներմարզային ճանապարհներ, որոնք նույնպես վերանորոգվում են Ճանապարհային դեպարտամենտի միջոցով։ Ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգումն էլ իրականացվում է հիմնականում սուբվենցիոն ծրագրերով»,-նշեց Խուդաթյանը։

Նրա տեղեկատվությամբ՝  ընդհանուր առմամբ մարզում արդեն մոտ 200 կիլոմետր  ճանապարհներ են հիմնանորոգվել կամ շինաշխատանքներն ընթացքի մեջ են։ «Արդյունքում մարզի ամբողջ տարածքում ճանապարհային վիճակը բարելավվել է։ Սա չի նշանակում, որ այլևս չհիմնանորոգված ճանապարհներ չունենք, ընդհակառակը՝ բազմաթիվ ճանապարհներ կան, որոնք ընդգրկված են տարբեր ծրագրերի մեջ։ 2024 թվականին պետական համաֆինանսավորմամբ ճանապարհաշինությանն ուղղված հսկայական միջոցներ են նախատեսվել»,-ընդգծեց մարզպետը՝ հավելելով, որ ճանապարհների հիմնանորոգումը շարունակական է՝ ընդգրկված 2025-2027 թվականների ծրագրերում։

Նրա խոսքով՝ ներկայում ամփոփման փուլում է մասնակցային բյուջետավորման ծրագրով նախատեսված քվեարկությունը Արմավիր քաղաքի բնակիչների կողմից, որի արդյունքով էլ կառավարության զգալի համաֆինանսավորմամբ քաղաքում համապատասխան աշխատանքներ կիրականացվեն։

Մարզպետի տեղեկությամբ՝ շաբաթներ առաջ քվեարկությանը մասնակցած քաղաքացիների թիվը անցել էր 1000-ից։ Խուդաթյանը հույս հայտնեց, որ ծրագիրը կկարողանա քաղաքացիներին կենտրոնացնել նաև համայնքին վերաբերող որոշումների կայացմանը մասնակցություն ունենալու շուրջ։

Անդրադառնալով իրականացվող աշխատանքների վերահսկողությանը՝ Խուդաթյանը շեշտեց, որ մարզպետի աշխատակազմն ընդհանրապես վերահսկողական գործառույթներ ունի մարզի տարածքում իրականացվող ցանկացած տիպի շինարարական աշխատանքի նկատմամբ։ Դրանով զբաղվում են մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները և քաղաքաշինության վարչությունը։

«Հիմնական ուշադրության կենտրոնում են ինչպես օրացուցային գրաֆիկի պահպանումը, այնպես էլ համապատասխան ծավալներով և որակով իրականացված աշխատանքը։ Այս առումով համագործակցում ենք նաև այլ գերատեսչությունների, պետական լաբորատորիաների հետ, որպեսզի վերջնարդյունքում շահագործման հանձնվող օբյեկտն ամբողջովին պատրաստ, որակական ցուցանիշներն ապահոված վիճակում լինի»,-ասաց Խուդաթյանը։

Նա հավելեց, որ վերահսկողությունը մարզպետարանի  ամենօրյա աշխատանքի մաս է կազմում, որում ներգրավված է համեմատաբար լայն շրջանակ, այդ թվում՝ տեսչական մարմիններ, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակիցներ։ «Կարծում եմ շարունակական հսկողության պարագայում մենք պատշաճ որակով նախագծեր և շինարարություն կունենանք»,-ընդհանրացրեց Արմավիրի մարզպետը։

  • Կիսվել: