երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՇՄ նախարարությունը կարողացել է ավելի քան 20 մլրդ դրամի դրամաշնորհ ներգրավել բնապահպանական ոլորտ. Էրիկ Գրիգորյան

ՇՄ նախարարությունը կարողացել է ավելի քան 20 մլրդ դրամի դրամաշնորհ ներգրավել բնապահպանական ոլորտ. Էրիկ Գրիգորյան

 Վերջին մեկ և կես տարվա ընթացքում Շրջակա միջավայրի նախարարությունը կարողացել է գործընկեր կառույցների հետ մեկտեղ ավելի քան 20 մլրդ դրամի դրամաշնորհներ ներգրավել բնապահպանական ոլորտ, այսօր Ազգային ժողովում Բյուջե 2020-ի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ արձագանքելով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի մտահոգություններին:

Նշենք, որ ավելի վաղ Թանդիլյանը հայտարարել էր, որ Հայաստանը իր գնահատականներով  բնական աղետի մեջ է և որևէ ծրագիր չկա, որը կապահովեր բյուջետային համակարգի մասին օրենքի դրույթը: «54 միլիարդի փոխարեն ընդամենը 16 միլիարդի 1-2 ծրագրեր անելով՝ մենք չենք լուծում ՀՀ-ում բնապահպանական խնդիրը»,- ասել էր Թանդիլյանը՝ ընդգծելով, որ ներկա իշխանությունն անխնա կեղեքում է բնությունը:

Գրիգորյանը ընդգծեց, որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում վարչապետը ներկայացրել է բնապահպանական մի նախագիծ, որը կարող է «անգամներով ավելացնել բնապահպանական ոլորտի ծախսերը»:

Նախարարը մեկ այլ ծրագիր էլ մատնանշեց, որը չի կատարվել անկախ Հայաստանում՝ Շրջակա միջավայրի աշխատակիցները իրականացրել են խորհրդային Հայաստանից մնացած բոլոր թափոնավայրերի, լեռնամետալուրգիայի պոչամբարների գույքագրում, եռաչափ մոդելավորում, բաղադրության ուսումնասիրություն:

«Նախագծանախահաշվային աշխատանքների իրականացնելու նախագիծ ենք ներկայացրել և ընդ որում, հնարավորություն ենք ուինեցել այդ նախագիծը ներկայացրել Շրջակա միջավայրի նախարարության տնտեսած գումարների հաշվին: Իսկ տնտեսում ունեցել ենք, քանի որ դրամաշնորհային միջոցների հաշվին կարողացել ենք ծրագրեր իրականացնել», -Թանդիլյանին արձագանքելով ասաց Գրիգորյանը:

Նրա խոսքով, եթե լքված պոչամբարների ռեկուլտիվացիայի համար պահանջվի գումար, ապա իրենք պատրաստ են դիմել կառավարությանը՝ ֆինանսավորելու այդ աշխատանքները:

  • Կիսվել: