կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչությունն ամփոփել է 2023 թվականի գործունեությունը

ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչությունն ամփոփել է 2023 թվականի գործունեությունը

Հունվարի 11-ին տեղի է ունեցել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության 2023 թվականի կատարած աշխատանքների ամփոփմանը նվիրված նիստը, որը վարում էր ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Դավիթ Սարգսյանը։

 

Նիստին մասնակցել են Երևան քաղաքի փրկարարական վարչության ղեկավար կազմը և հրշեջ-փրկարարական ջոկատների հրամանատարները։

 

2023 թվականին կատարված աշխատանքների վերաբերյալ զեկույցով հանդես է եկել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա․ Կիրակոսյանը։

 

Հաշվետու ժամանակահատվածում Երևան քաղաքի փրկարարական վարչության hրշեջ-փրկարարական ստորաբաժանումների մարտական հաշվարկների կողմից իրականացվել է 13830 ելք, որից 3070-ը՝ հրդեհների մարման, 1782-ը՝ վթարափրկարարական աշխատանքների իրականացման, 3155-ը՝ կենցաղային կանչերով, իսկ 5823-ը՝ այլ դեպքերով։

 

Կատարած աշխատանքների մասին զեկույցներով հանդես են եկել նաև ԵՓՎ ստորաբաժանումների պետերը և հրշեջ-փրկարարական ջոկատների հրամանատարները։

Ըստ զեկույցների՝ 2023 թ. Երևան քաղաքի փրկարարական վարչության գործունեությունը նպատակաուղղված է եղել արտակարգ իրավիճակների կանխարգելման և հնարավոր հետևանքների նվազեցման, անձնակազմի պատրաստվածության ապահովման և կարգապահության բարձրացման հարցերին․ տարվա աշխատանքային պլանով նախատեսված միջոցառումները հիմնականում կատարվել են։

Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ուղղությամբ շարունակվել է սերտ համագործակցությունը Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի հետ։

Համատեղ իրականացվել են Երևան քաղաքի պաշտպանական կառույցներին բնակչության կցագրման աշխատանքներ, ստուգվել են 216 բազմաբնակարան շենքերի նկուղներ։

Մասնակցություն է ցուցաբերվել Երևան քաղաքում անցկացված մի շարք մշակութային և սպորտային միջոցառումների, որոնց ընթացքում ԵՓՎ ստորաբաժանումներն իրականացրել են 464 հերթապահություն։

Երևան քաղաքի մի շարք կրթական հաստատություններում, գերատեսչություններում և կազմակերպություններում անցկացվել են ինչպես պլանային, այնպես էլ արտապլանային միջոցառումներ․ ուսումնավարժություններ, գործնական պարապմունքներ, սեմինարներ և դասախոսություններ։

Ամփոփելով գործունեության արդյունքները՝ տնօրենի տեղակալը 2023 թվականի ընթացքում կատարված աշխատանքները գնահատել է լավ, նախանշել 2024 թվականին կատարվելիք աշխատանքների ուղղությունը և տվել համապատասխան հանձնարարականներ։

Փ/ծ գնդապետ Դ․ Սարգսյանը շեշտել է, որ առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել բնակչության պաշտպանության հարցերի, մարդկանց իրազեկման և ուսուցման վրա հատկապես խոցելի խմբերում՝ տուն-ինտերնատներում, մանկատներում, հատուկ (օժանդակ) դպրոցներում, քրեակատարողական հիմնարկներում։ Այդ նպատակով հանձնարարել է նախատեսվելիք միջոցառումների շրջանակներում ներառել նաև վերոնշյալ կազմակերպություններում լրացուցիչ արտապլանային ուսումնավարժություններ, սեմինարներ և գործնական պարապմունքներ։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Երևան քաղաքի փրկարարական վարչության գործունեության տիրույթն ամենամեծն է հանրապետությունում, ՓԾ տնօրենի տեղակալը հորդորել է, որ քաղաքացիական պաշտպանության և բնակչության պաշտպանության բնագավառներում իրականացվող աշխատանքներում ընդգրկված անձնակազմը 2024 թվականին առավել կատարելագործվի՝ ապահովելով մասնագիտական բարձր պատրաստվածություն, զգոնություն և պատասխանատվություն։

  • Կիսվել: