երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կփոխհատուցի մինչև 100 հա մակերեսով հացահատիկային մշակության հիմնական աշխատանքների և սերմի արժեքի ծախսերի՝ հա-ի մասով 50 տոկոսը

Կփոխհատուցի մինչև 100 հա մակերեսով հացահատիկային մշակության հիմնական աշխատանքների և սերմի արժեքի ծախսերի՝ հա-ի մասով 50 տոկոսը

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակումների՝ վերջին տարիներին ՀՀ-ում հացահատիկային, հատիկաընդեղեն մշակաբույսերի և բազմամյա խոտաբույսերի ցանքատարածությունների նվազում է արձանագրվում, որը պայմանավորված է մշակության ցածր արտադրողականությամբ, արտադրանքի բարձր ինքնարժեքով, ցածր եկամտաբերությամբ և տնտեսական անարդյունավետությամբ: Ըստ այդմ՝ մշակվել է ՀՀ-ում պարենային անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված ծրագիր, որի նպատակն է պետական աջակցության միջոցով խթանել ցանքատարածությունների ավելացումը, արտադրողականության բարձրացումը և հողօգտագործողների եկամուտների ավելացումը: Այդ մասին որոշումը Կառավարության մարտի 14-ի նիստին ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ընդգծելով, որ ծրագրի իրականացման նպատակն է խթանել հավաստագրված սերմերով ցանքերի իրականացումը:

«Բուսաբուծության աջակցության ծրագրով նախատեսվում է 2024-ին փոխհատուցել մինչև 100 հեկտար մակերեսով հացահատիկային, մասնավորապես՝ գարնանացան ցորեն, գարնանացան գարի, եգիպտացորեն, վարսակ, հաճար, հատիկաընդեղենային կուլտուրաների՝ ոլոռ, լոբի, ոսպ, սիսեռ և բազմամյա խոտաբույսերի՝ առվույտ, կորնգան, մշակության՝ 1 հեկտարի մասով կատարվող հիմնական աշխատանքների և սերմի արժեքի համար նախատեսված ծախսերի 50 տոկոսը»,- ասաց նախարարը և հավելեց, որ «հիմնական աշխատանքներ» ասելով՝ նկատի ունի վարը, ցանքը և բերքահավաքը:

Փոխհատուցումը կտրամադրվի հետևյալ սահմանաչափերով՝ հացահատիկային մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի չափով՝ 70 հազար դրամ, իսկ եգիպտացորենի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 85 հազար դրամ: Հատիկաընդեղեն մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հեկտարի մակերեսի հաշվով՝ 100 հազար դրամ, բազմամյա խոտաբույսերի, այսինքն՝ առվույտի և կորնգանի 1 հեկտար մակերեսի մշակության համար՝ 110 հազար դրամ:

«Ծրագրով ակնկալվում է ՀՀ պարենային անվտանգության մակարդակի բարձրացում, մշակվող վարելահողերի տարածքների ավելացում շուրջ 14 հազար 300 հեկտարով, օրինակ՝ գարնանացան հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի համախառն արտադրանքի ծավալը կավելանա շուրջ 26 հազար տոննայով, բազմամյա խոտաբույսերինը՝ շուրջ 25 հազար տոննայով»,- ասաց նա:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքեց՝ ծրագիրը վերահսկելու մեխանիզմներ է պետք  մշակել, որպեսզի քրեական գործեր չհարուցվեն:

«Աշնանը մեզ պետք է բերք, ոչ թե քրեական գործեր, եկեք սա չմոռանանք»,- ասաց Փաշինյանը:

  • Կիսվել: