կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կառուցապատմամբ զբաղվելը տնտեսապես անիմաստ է․ դոմինոյի էֆեկտով հետևանքներից տուժելու են տնտեսության բոլոր ճյուղերը. Գրիգորյան

Կառուցապատմամբ զբաղվելը տնտեսապես անիմաստ է․ դոմինոյի էֆեկտով հետևանքներից տուժելու են տնտեսության բոլոր ճյուղերը. Գրիգորյան

Երևան քաղաքի ավագանու որոշումներով սահմանված կարգավորումները կառուցապատողների համայնքում առաջացրել են տարակուսանք, քանի որ դրանք կարող են հանգեցնել տնտեսական ծանր հետևանքների:

Խնդիրն այն է, որ Ավագանու 26.12.2023 թ. որոշմամբ բարձրացվել են տեղական տուրքերն ու վճարներները։ Կառուցապատողների հայկական ասոցիացիան իրավիճակը մեղմելու համար մի շարք առաջարկներ է ներկայացրել, որոնք քաղաքային իշխանության կողմից չեն ընդունվել։ Մինչդեռ՝ հետխորհրդային երկրների մայրաքաղաքների և այլ խոշոր քաղաքների փորձի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ որևէ տեղ նման տուրքեր կամ վճարներ սահմանված չեն: Նշված քաղաքներում բոլոր քաղաքաշինական թույլտվություններն անվճար են կամ սահմանված են սիմվոլիկ գումարներ:

«Ըստ գոտիների թե՛ նախագծման թույլտվության /ՃՀԱ/ վճարի, թե՛ շինարարության թույլտվության տուրքի, թե՛ շինարարության թույլտվության ժամկետի երկարաձգման տուրքի կշիռը կանխատեսվող նախահաշվային շահույթում գոտուց գոտի տարբեր է մինչև 10 անգամ՝ ոչ համամասնորեն, ինչքան էլ զարմանալի է՝ նախահաշվային շահույթում առավել նվազ տուրքի դրույքաչափեր են սահմանվում 1-ին և 2-րդ գոտիներում, առավել բարձր դրույքաչափեր՝ 5-9 գոտիներում: 10-րդ 11-րդ գոտիներում ներկայումս կառուցապատում գրեթե չի իրականացվում: Այս ամենը վկայում է նրա մասին, որ խորը վերլուծված չեն տուրքի/վճարի/ դրույքաչափերը, դրանց հիմնավորումները, տնտեսական հաշվարկներ չկան, հաշվի չեն առնվել ծայրամասային գոտիներում վաճառքի գները, հողերի ինքնարժեքը»,- նշել է ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը:

Ավելին, կա գոտի, որտեղ կառուցապատման բոլոր տուրքերը ու վճարները միասին՝ կանխատեսվող նախահաշվային շահույթից ավելի մեծ գումար են կազմում, մասնավորապես՝ 109 տոկոս: Այնինչ, օրինակ, շահութահարկը՝ 18 տոկոս է: Այսինքն՝ տեղական տուրքերն ու վճարները միասին կազմում են շահութահարկի 5-6 ապատիկը:

Ըստ նրա՝ եթե հաշվարկվեն նաեւ ինժեներական ենթակառուցվածքների միացման վճարները, մատակարարների գծով ծախսերը, ապա վաճառքի գները կամ 2 անգամ պետք է բարձրացնել, ինչն անհնար է այսօրվա շուկայական պայմաններում կամ էլ այլևս կառուցապատմամբ զբաղվելը տնտեսապես անիմաստ է: «Ըստ էության, ստեղծված իրավիճակը դրդում է կառուցապատողներին այս ոլորտում գործունեություն չիրականացնել, համապատսախանաբար՝ չապահովել տնտեսական ակտիվություն, աշխատատեղեր, հարկային մուտքեր և այսպես շարունակ»,- նշել է Գրիգորյանը:

Բացի այդ՝ անկայուն և փոփոխական օրենսդրությամբ բիզնես միջավայրն առաջացնում է անվստահություն օտարերկրյա ներդրողների միջավայրում ու զրկում մեր պետությանը 100 ավոր միլիոն դոլարներով օտարերկրյա կապիտալի մուտքից, քանի որ վախենում են ներդրում կատարել անկայուն ու փոփոխական օրենքներով երկրում:

Գրիգորյանը նշել է, որ եկամտային հարկի ետվերադարձի դադարեցումը, տուրքերի ու վճարների գործընթացը, մատակարար կազմակերպությունների անսպառ խնդիրները և այդ բոլորի համատեքստում կառուցապատողների հանդեպ պետության աջակցության բացակայությունը խիստ մտահոգիչ է:

«Կառուցապատման ոլորտի անկումը միայն կառուցապատողին չէ վնաս, շատերը կիրականացնեն ռելոկացիա՝ իրենց բիզնեսը, գործարար փորձը կտեղափոխեն այլ երկրներ և կիրականացնեն կառուցապատում այլ երկրներում»,- նշել է Գրիգորյանը՝ ավելացնելո, որ այս ոլորտի անկմամբ՝ պետական բյուջեն կզրկվի կառուցապատողների, շինարարների կողմից կատարվող հարկային մուտքերից, ինչպես նաև տնտեսության այն բոլոր ճյուղերի հարկային մուտքերից, որոնք փոխկապակցված են կառուցապատման ոլորտի հետ՝ քար, ցեմենտ, ավազե հանքեր, շինանյութի վաճառք, երկաթ, ամրան և այլն:

«Ակնհայտ է, որ կառուցապատման ոլորտի անկմամբ ունենալու ենք դեմոգրաֆիկ նոր մարտահրավեր, հայ տղամարդիկ նորից կորդեգրեն արտագնա աշխատանքի (խոպան) ճանապարհը, բազմաթիվ աշխատատեղեր կփակվեն: Իսկ դոմինոյի էֆեկտով առաջացող տնտեսական հետևանքներից տուժելու են տնտեսության բոլոր ճյուղերը՝ բանկերից սկսած, գյուղատնտեսությունով և մանրածախ առևտրով վերջացրած, հետևանքները մեզ վրա զգալու ենք բոլորս, անգամ փողոցում արևածաղկի վաճառքով զբաղվող տատիկը»,- նշել է նա:

  • Կիսվել: